Ո՞ւմ համար է բեմադրվում «հումանիստ» Ադրբեջանի կերպարը

Ադրբեջանցիները, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը հերթական բեմականացումը ցուցադրելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը հերթական բեմականացումը ցուցադրելու համար»,- գրել է Արցախի պետնախարարն՝ անդրադառնալով սկանդալային տեսանյութին, թե ինչպես են Հակարիի կամրջի վրա տեղակայված անցակետում ադրբեջանցիները «քաղաքավարի» սպասարկում հայերին:
Բաքվի այս բեմականացումն ընդամենը մեկ նպատակ ունի՝ Վաշինգտոնի բանակցություններին ընդառաջ ցույց տալ, թե ադրբեջանցիներն ինչպիսի հանդուրժողական վերաբերմունք ունեն Արցախի ժողովրդի հանդեպ: Մյուս կողմից, Բաքուն գեներացնում է իր այն կեղծ թեզը, թե Լաչինի միջանցքը բաց է ու հայերը կարողանում են անարգել օգտվել դրանից:
Սակայն բոլորի համար է ակնհայտ, որ Լաչինում միջանցքի տեղադրումը հակառակ իմաստն ունի՝ Արցախը զրկել սուբեկտության, հայկականության որևէ հեռանկարից:
Վահրամ Բագրատյան