Վրաստանը ՀՀ հաշվին պանրի արտահանման ռեկորդ է սահմանել. ի՞նչն է պատճառը 

Վրաստանը ՀՀ հաշվին պանրի արտահանման ռեկորդ է սահմանել. ի՞նչն է պատճառը 

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2023 թ. Վրաստանը ռեկորդային քանակության պանիր և կաթնաշոռ է արտահանել, և  ուշագրավն է, որ վաճառքի 94%-ը բաժին է հասել Հայաստանին (53%) և Կանադային (41%)։ 

Նման պատկերը հետաքրքիր է նրանով, որ Հայաստանը, կարծես թե, բավականին զարգացած կաթնարտադրություն ունի և արտահանում է ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես ՌԴ, այդ դեպքում ինչո՞ւ են հարևան երկրի արտահանման ցուցանիշները մեր երկրի շնորհիվ այդքան բարձր.  այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ։

Պարզվեց՝ իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ, որքան կարծում էինք։ «Հայաստանը վաղուց չունի այդքան կաթնամթերք, քանի որ 2020թ․-ից մինչև հիմա բավականաչափ կրճատվել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը։ Իսկ Վրաստանից Հայաստան ներմուծելը հիմնականում ռեէքսպորտի նպատակով է։ Այնպես չի, որ միայն մեր շուկայում է այդ ապրանքը սպառվում»,- ասաց Մնացականյանը։

Ըստ գյուղատնտեսի՝ Հայաստանում պանիր արտադրող ընկերությունների մեծ մասը պանիրը արտադրում են ներմուծված կաթի փոշիով։ Նա նշեց, որ գուցե հինգ կամ յոթ ընկերություններ կան, որ տեղական կաթով են անում, բայց մեծ մասը ներմուծված կաթի փոշիով են արտադրում։

«Կրճատումները և Վրաստանից արտահանումը ՀՀ իշխանությունների վարած փայլուն և աննախադեպ գյուղատնտեսական քաղաքականության հետևանք է և Արցախի կորստի հետևանք։ Փայլուն վարած գյուղատնտեսական քաղաքականության հետևանքով է, որի շնորհիվ եղջերավոր անասունների գլխաքանակը օր օրի նվազում է։ Երբ ոսկորոտ տավարի միսը ամենաէժանը խանութներում 3700 դրամի կարգի է հասել, դա հուշում է, որ մեր մոտ եղջերավոր անասունների քանակը բավականին պակասել է»,- ասաց Մնացականյանը։

Հարցին, թե ի՞նչ անենք, որ ճիշտ գյուղատնտեսական քաղաքականություն վարենք, Մնացականյանը պատասխանեց, որ նորմալ կառավարիչներ են պետք և կառավարություն։ Նա նշեց, որ այն ժամանակ էլ մենք կաթի փոշի ներմուծել ենք, բայց ոչ Վրաստանից։ 

«Ես կասկածներ ունեմ, որ Վրաստանից պանիր են գնում, որ ուղղակի ռեէքսպորտ անենք Ռուսաստան։ Չնայած, երբեք էլ չի հերիքել, դրա համար ներմուծված կաթի փոշիով ենք արտադրել»,- եզրափակեց Մնացականյանը։

Մարիաննա Արամյան