Ուղղորդված դատավարություն․ պատերազմի արյnւնն իրենցից մաքրելու համար դատում են «44-օրյա»-ի հրամանատարներին

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը երեկ առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Հիշեցնենք, որ մեղադրանքը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Ցորի զորամասի D-20 դիվիզիոնի վրա ադրբեջանական զինուժի հարձակման հետեւանքով ունեցած կորուստներին։ MediaHub-ը կապ հաստատեց Հարությունյանի զինակից ընկերներից մեկի հետ (իր ցանկությամբ անունը չենք հրապարակում), պարզելու դատարանի կողմից կայացված վճիռը արդյո՞ք տրամաբանական է համարում։
«Սա ուղղորդված դատավարություն էր, սարքոցի։ Պատերազմի արյունն իրենցից մաքրելու համար հերթով դատում են 44-օրյայի ժամանակ առանցքային դիրք զբաղեցնող հրամանատարներին ու սպաներին։ Դատարանում բոլոր ցուցմունքները կան, բայց դրանք անտեսվել են։ Որքանով ես եմ տեղյակ, վճիռը բողոքարկվելու է»,- ասաց նա։
Ջալալ Հարությունյանը, ըստ իրավապահների, սխալ հրաման է տվել D-20 դիվիզիոնի զինանձնակազմին՝ առանց ուսումնասիրելու դիմացից եկող հայկական համազգեստով զորքն արդյո՞ք ադրբեջանցիներ են։ Այս տեղեկության հետևանքով հայ զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ, սպանվել, իսկ զորամասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։
Մինչդեռ, զինակից ընկերը պնդում է՝ Ջալալ Հարությունյանն ասել է՝ «պետք է, որ մերոնք լինեն, կարող է մերոնք լինեն», այսինքն պետք է ուշադիր լինեն, ինքն այդ ժամանակ տվյալ տարածքում չի եղել։
«Միայն մեկ անձի ցուցմունքով, թե Հարությունյանն ասել է «մերոնք են», մարդուն դատում են։ Մի զինվորականի, որ ողջ գիտակցական կյանքը նվիրել է բանակին»,- նշեց նա։
Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութության համար, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։ Մեր զրուցակիցը, որ երկար տարիներ ծառայել է ՊԲ-ում, Ջալալ Հարությունյանի հետ անցել մարտական ուղի, վստահ է, որ իշխանությունը մեղքը բարդում է զինվորականների վրա, որ 2026 թվականի ընտրություններում կրկին վերարտադրվի։
«Իր ընտրազանգվածին ասելու բան կունենա։ Արցախի ՊԲ նախկին հրամանատարներ Ջալալ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը կալանքի տակ են։ Սա դեռ նախերգանքն է»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան