«Արցախ» բառն օգտագործելուց է վախենում․ ինչո՞ւ է Սեյրան Օհանյանը մերժել Ալեն Սիմոնյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական մեղադրական ճառն է ընծայել ընդդիմությանը․ այս անգամ թիրախում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է։
Այսպես, Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմությունը միշտ դժգոհում է, որ իրեն ԱԺ պատվիրակությունների կազմում չեն ընդգրկում, բայց հենց ինքն առաջարկ է ուղարկում ընդդիմադիր պատգամավորներին, միանգամից մերժում է ստանում։ Սա նման բովանդակությամբ առաջին մեղադրանքը չէ, որ հնչեցնում է Ալեն Սիմոնյանը, բայց այս անգամ նա գեներալ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանին համեմատել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ՝ նշելով, որ ադրբեջանցի գործընկերը նույնատիպ պատճառաբանություններով է հրաժարվում իր հետ հանդիպել, ինչ Սեյրան Օհանյանը՝ իր գլխավորած պատվիրակությունների կազմում ընդդիմադիր պատգամավորների ներգրավվածությունը բացառելու ժամանակ։
«Ուրեմն սկզբից գալիս էին, գնում էին պատվիրակությունների հետ, հետո բողոքում էին, որ ես իրենց չեմ ընդգրկում պատվիրակությունների կազմում, հետո էլի մեկ-երկու անգամ եկան, հետո նորից սկսեցին հրաժարվել, հետո աղմուկ-աղաղակ բարձրացրին, որ չեմ տանում օրինակ՝ Կանադա այցի, հետո գնում են, բողոքում են եթերով, որ իրենք երկու օրով էին ուզում գալ, չտարա: Հիմա հրավիրում եմ պատգամավորներին, սկզբից այո են ասում, հետո՝ ոչ, ասեցի գրեք, թող գրավոր մերժեն, հետո մոտեցա խմբակցության ղեկավարին, Սեյրան Օհանյանին ասում եմ, եթե չեք գալու, ասեք այլևս թուղթ չկեղտոտեմ, իմանամ դիրքորոշում է, ասաց՝ ինձ գրեք: Գրել եմ, պատասխանել է, որ իմ դիրքորոշման պատճառով չեն գալիս այցի ինձ հետ: 4 տարի անց, պատկերացնո՞ւմ եք»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Սիմոնյանը։
Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ՝ հասկանալու, թե ինչով է պայմանավորված նման գործելաոճը, և ի վերջո, ընդդիմությունն ունի՞ հստակ դիրքորոշում՝ ՔՊ-ականների հետ գնո՞ւմ է գործուղումների, թե՞՝ ոչ։
«Նախկինում Ալեն Սիմոնյանն ինձ հետ համաձայնեցնում էր, թե մեր ֆռակցիայից ովքեր որ պատվիրակությունների կազմով գնան։ Դրանից հետո մի որոշ ժամանակ ինքն ինքնուրույն անհատական գրություններ էր ուղարկում պատգամավորներին, և նրանք էին որոշում՝ գնալ, թե՝ ոչ։ Սա մեկ։ Բացի այդ, Ալեն Սիմոնյանի պահվածքում տարօրինակություն կա, քանի որ պատվիրակությունների կազմը որոշելիս անհասկանալի սկզբունքով է առաջնորդվում․ օրինակ՝ ես Սլովակիայի հետ բարեկամական խմբի ղեկավարն եմ, ինքը գնացել է, ինձ մի հատ առաջարկ էլ չի արել, նույն ձևով Կանադայի պատվիրակության հարցում, որում էլ Իշխան Սաղաթելյանը պետք է լիներ։ ՌԴ-ի մասով էլ ես եմ պատվիրակության կազմում, բայց առաջարկ չի արվել, քանի որ, Սիմոնյանը վստահ է՝ ինձ դատարանը բաց չի թողնելու։ Բայց իր ի՞նչ գործն է՝ դատարանը բաց կթողնի, թե չի թողնի, հակառակը, եթե ԱԺ նախագահը գրություն գրի՝ ասելով, որ Սեյրան Օհանյանը պատվիրակության մեջ է, դատարանը պարտավոր կլինի թողնել, որ ես երկրից դուրս գամ»,- մեզ հետ զրույցում ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ այս ամենից զատ, հաշվի առնելով Ալեն Սիմոնյանի պահվածքը, իր վերաբերմունքն Արցախի հարցին, «Հայաստան» խմբակցությունը որոշել է՝ ԱԺ նախագահի ղեկավարած պատվիրակությունների կազմում խմբակցության պատգամավորները ներգրավված չեն լինի։
Միջազգային մնացած բոլոր հարթակներում խմբակցության պատգամավորները մասնակցություն կունենան։
Հարցին, թե արդյո՞ք նոր է ինքը ծանոթանում Ալեն Սիմոնյանի դիրքորոշմանը, Սեյրան Օհանյանը պատասխանեց՝ ոչ, վերջերս։
«Քանի որ իրենք անտեսում են Արցախի խնդիրը, անգամ «Արցախ» բառն արտաբերելուց են վախենում։ Բացի այդ, բանակցային գործընթացում Արցախի վերաբերյալ ոչ մի բառ չկա։ Դրա համար մեր խմբակցությունը նման որոշում է ընդունել»,- նկատեց նա։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք այդ դեպքում ընդունելի է իրենց համար Ալեն Սիմոնյանն ԱԺ նիստերի դահլիճում, Օհանյանն արձագանքեց՝ նիստերին մասնակցում են, քանի որ դա իրենց պարտականությունն է։
«Դա խորհրդարանական ընդդիմության աշխատանքի մաս է կազմում»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Նարե Գնունի