ՄԻՊ-ը ԵԽ ՄԻ հանձնակատարի հետ այցելել է Արցախից բռնահանվածների կացարաններ, առանձնազրույցներ ունեցել

ՄԻՊ-ը ԵԽ ՄԻ հանձնակատարի հետ այցելել է Արցախից բռնահանվածների կացարաններ, առանձնազրույցներ ունեցել

Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի համատեղ այցերը Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ։

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Անահիտ Մանասյանն ու Դունյա Միյատովիչը հանդիպել են Կոտայքի մարզում ժամանակավոր բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Ծաղկաձոր խոշորացված համայնքի հանգստյան տներից մեկում այս պահին բնակվում է բռնի տեղահանված 105 անձ, այդ թվում՝ 40 երեխա:

Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ. Պաշտպանին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին անձինք ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման արդյունքում առաջացած խնդիրները։ Անդրադարձ է կատարվել կենսաթոշակների, պետական նպաստների վճարման հետ կապված հարցերին:

Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։

Բացի այդ, Պաշտպանն այցելել է նաև բռնի տեղահանված անձանց` Ծաղկաձորի ԵՊՀ «Համալսարան» հյուրանոցում տեղակայված ժամանակավոր կացարան, որտեղ այս պահին գտնվում է բռնի տեղահանված 167 անձ, այդ թվում՝ 44 երեխա:

Պաշտպանը տեղում ուսումնասիրել է բռնի տեղահանված հայրենակիցների պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։

Պաշտպանը բռնի տեղահանված անձանց հետ ունեցել է խորհրդապահական առանձնազրույցներ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները։

Այցի արդյունքում Պաշտպանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին: