Անակնկալ հրաժարական 

Անակնկալ հրաժարական 

Երեկ Վահան Քերոբյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։ «Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին»,- ասել է Քերոբյանը:

Չենք ուզում վիճարկել Քերոբյանի պնդումները, սակայն մի քանի պնդում անենք:

Հայաստանի տիպի ավտորիտար և կոռումպացված երկրներում կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե օրինականություն հաստատելու նպատակ ունի, այլ ընդամենը միջոց է, գործիք, որի միջոցով տեղի է ունենում կապիտալի վերաբաժանում, համակարգի ներսում ուժերի վերադասավորություն, «ֆիլտրումներ»:

Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած սկանդալային բացահայտումները նույն շարքից էին, ու հիմնական թիրախը Վահան Քերոբյանն էր:

Իհարկե, նա կարող էր «թիրախ» չդառնալ, եթե կառավարության վերջին նիստում հրապարակավ կասկածի տակ չդներ Փաշինյանի նախաձեռնած հակակոռուպցիոն պայքարի օրինականությունը:

Նման բաները չեն ներվում, և արդեն անցած հինգշաբթի ակնհայտ էր, որ Քերոբյանը պաշտոնանկ է արվելու:

Մյուս հանգամանքը՝ այսպես կոչված, պսևդոարևմտամետներն արդեն տևական ժամանակ պահանջում էին «ռուսամետ» Քերոբյանի պաշտոնանկությունը: Հետևաբար, Քերոբյանի պաշտոնանկությունն ունի նաև «աշխարհաքաղաքական» ենթատեքստ:

Վստահաբար Քերոբյանը վերջին «զոհը» չէ:

Վահրամ Բագրատյան