Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է Կիևի հրավերով այցելել Բուչա

Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է Կիևի հրավերով այցելել Բուչա

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «անպատեհ» է անվանել ուկրաինական Բուչա քաղաք այցելելու Կիևից ստացած առաջարկը։

Պապուաշվիլին Բուչա այցելելու հրավեր էր ստացել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկից։ Նմանատիպ նամակներ ուղարկվել էին նաև այլ երկրների օրենսդիր մարմինների ղեկավարներին:

Պատասխան նամակում Վրաստանի խորհրդարանի նախագահը մաղթել է, որ «ուկրաինական իշխանությունների առանձին ներկայացուցիչներ լիովին ընկալեն այն ամուր աջակցությունը, որը Վրաստանի ժողովուրդը և նրա իշխանությունները ցուցաբերում են Ուկրաինայի իշխանություններին և ուկրաինացի ժողովրդին»։

«Մեր երկրների այս աջակցությունն ու գործընկերությունը արժանի չեն ուկրաինական իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների՝ վրաց ժողովրդին իրենց կառավարությունից անջատելու փորձերին, Վրաստանում երկրորդ ճակատ բացելու պահանջներին, դիվանագիտական ​​անհիմն դեմարշներին, մաքսանենգության անհիմն մեղադրանքներին կամ ուկրաինացիների դժբախտությունների վրա «ձեռքերը տաքացնելու» մեղադրանքներին»,- ասված է Պապուաշվիլիի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

«Այդ հարցերի չհասկացվածության ֆոնին պաշտոնական առաջարկն անտեղի է թվում»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը։

Նա նաև հավելել է, որ Ուկրաինային աջակցելը համարում է Վրաստանի «մարդկային և պատմական պարտքը»՝ վստահեցնելով, որ իշխանությունները «կկատարեն այդ պարտականությունը, որքան էլ ի պատասխան հնչեն անարդար ու անհիմն մեղադրանքներ»։