14 դատավորից միայն 2-ը կշարունակի պաշտոնավարել
Մինչդատական վարույթների նկատմամբ վերահսկողություն իրականացնող, այդ թվում՝ կալանավորվման միջնորդություններ քննող 14 դատավորից միայն 2-ը կշարունակի պաշտոնավարել։
Այս մասին տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհուրդը։
Բարձրագույն դատական խորհրդի կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների արդյունքում մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող (այդ թվում՝ կալանավորման միջնորդություններ քննող) 14 դատավորներ դադարել են պաշտոնավարել:
Նրանցից Արմեն Պողոսյանը և Սասուն Մխիթարյանը մասնակցել են հատուկ կարգով և բարդ ընթացակարգերով անցկացվող որակավորման ստուգման գրավոր փուլին և հաղթահարել են այն, եթե նրանց հաջողվի հաղթահարել նաև բարեվարքության և ԲԴԽ-ում հարցազրույցի փուլերը, ապա կկարողանան վերանշանակվել դատավորի պաշտոնում:
Մյուս 12 դատավորներն ընդգրկվել են ռեզերվային ցուցակում և ապագայում հնարավորություն կունենան վերստին նշանակվելու դատավորի պաշտոնում՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելուց հետո կամ այլ հավակնորդների հետ հավասար հիմունքներով մասնակցելով հատուկ կարգով որակավորման ստուգմանը:
Հավելենք, որ վերը նշված օրենսդրական փոփոխությունները քննարկվել և մշակվել են դեռևս 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովների ընթացքում՝ ՀՀ-ում գործող ավելի քան 250 դատավորների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: