Վաղն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակում կհնչի Արցախի ձայնը

Դեկտեմբերի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Մենք կանք» խորագրով համերգային ծրագիր, որին իրենց մասնակցությունն են բերելու արցախյան երաժշտարվեստի և պարարվեստի խմբերն ու համույթները, որը նախաձեռնել է ‹‹Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն›› հասարակական կազմակերպությունը։
ՀԿ ղեկավար Ապրես Մարգարյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ համերգն ավելի շատ ճանաչողական բնույթ ունի հայաստանյան լսարանի համար, որի նպատակն է առաջին հերթին ապահովել արցախյան արվեստի և մշակութային կոլեկտիվների պահպանությունն ու գործունեությունը:
«Այս նախաձեռնությամբ փորձել ենք հրավիրել բոլոր մշակութային և հասարակական գործիչների ուշադրությունը, որ բոլորը միանան Արցախի արվեստի և մշակույթի պահպանման կարևորագույն գործին, ծանոթանան մեր կադրային պոտենցյալին»,- նշեց նա։
Պատահական չի ընտրվել նաև համերգի կազմակերպման օրը՝ «դեկտեմբերի 10-ին Արցախն անցկացրեց Անկախության իր համապետական հանրաքվեն, 2006 թվականից՝ Սահմանադրության օրը։ Նույն օրը նաև Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է»։
Վաղը՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակում կհնչի Արցախի ձայնը։ Ծրագրում ընդգրկվել են բոլոր մշակութային օջախները։