«Զանգեզուրի միջանցք» եզրույթը երեկ չհնչեց, ինչը ցույց է տալիս միջազգային դիտորդների վերաբերմունքը
Ինձ համար էլ պարզ չէ՝ ինչի մասին էր խոսքը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինի այն հայտարարությանը, թե մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են Ադրբեջանի սահմանային տարածքներում։
Նրա խոսքով՝ հավանաբար խոսքն առաջին պատերազմի մասին է, թերևս այդ տեսանկյունից պետք է նայել։
«Սա նաև ընդունված ձևաչափ է դիմել երկու կողմերին, բայց այս շրջանում, ակնհայտ է, որ խոսքը ՀՀ տարածքից զորքերը դուրս բերելու մասին է»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ երեկ Շառլ Միշելը չխոսեց այն մասին, թե արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվել է «Զանգեզուր միջանցքից», փոխարտգործնախարարն արձագանքեց՝ նման եզրույթ չի հնչել, ինչն էլ ցույց է տալիս, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները։
Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք մենք պատրաստ ենք «խաղաղության պայմանագիր» կնքել, առանց ադրբեջանական զորքի՝ ՀՀ սուվերեն տարածքից դուրս գալու, ԱԳ փոխնախարարը պատասխանեց՝ պայմանագիրը պարունակում է այն բոլոր սկզբունքները, որոնց հիման վրա խաղաղություն կիրականացվի, ուստի այս հարցը կտրված չէ գործընթացից։
«Կարևոր ու զգայուն հարց է, որ պետք է ապահովվի պայմանագրի բոլոր կետերի իրականացումը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։