«Խաղաղության» ջատագով ՔՊ-ականներին պետք է գործուղել առաջնագիծ

«Խաղաղության» ջատագով ՔՊ-ականներին պետք է գործուղել առաջնագիծ

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ԶՈւ պատասխան գործողություններով կրակը լռեցվել է:

«Խաղաղության դարաշրջանի» ջատագովներին՝ ՔՊ-ականներին, պետք է ուղարկել առաջնագիծ, որպեսզի նրանք իրենց մաշկի վրա զգան, թե ինչ է նշանակում խաղաղություն ադրբեջանցիների հետ: Կրակոցները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ու Արցախը չեն հայաթափվել կամ ՔՊ-ն չի հեռացվել իշխանությունից, որպեսզի ՀՀ-ում գան այնպիսի քաղաքական ուժեր, ովքեր հակահարված կհասցնեն թուրք-ադրբեջանական սանձարձակություններին:

ՔՊ-ն Ադրբեջանին խաղաղության «մեսիջներ» է ուղարկում, սակայն Ալիևը, մեղմ ասած, անտարբեր է այդ «մեսիջներին»: Ադրբեջանն ու Թուրքիան ունեն իրենց հստակ օրակարգը, ռազմավարությունը, ինչը չի կարելի ասել ՔՊ-ականների մասին: Բաքուն և Անկարան ցանկանում են ռազմաքաղաքական մեթոդներով հայաթափել Արցախը՝ դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից, իսկ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները բացվելու դեպքում տնտեսական էքսպանսիայով զրոյացնել ռուսական ազդեցությունը Հայաստանում:

ՔՊ-ականներին հեռացնելու պարագայում միայն հնարավոր կլինի կանխել վերոնշյալ հայակործան սցենարն ու ձևավորել ազգային և պետական շահերով առաջնորդվող, պրոֆեսիոնալներից բաղկացած նոր իշխանություն: Ապագա իշխանությունները պետք է ունենան երկու առաջնահերթություն՝ հզոր բանակ և զարգացող տնտեսություն:

Ադրբեջանը երբեք չի համակերպվելու հայկական Արցախի և Սյունիքի գոյության հետ՝ արցախյան հարցն ամբողջությամբ լուծելու պարագայում Բաքուն «ստեղծելու» է նոր խնդիր՝ ի դեմս Սյունիքի՝ պահանջելով ադրբեջանցիների վերադարձը Սյունիք:

Բաքուն և Անկարան առաջնորդվում են Մեծ Թուրան կառուցելու ծրագրով, իսկ ՔՊ-ականները՝ իշխանության պահպանման և պարգևավճարների ավելացման:

Վահրամ Բագրատյան