Էսկալացիա՞, թե՞ բանակցություններ 

Էսկալացիա՞, թե՞ բանակցություններ 

Բաքուն հերթական գործողությո՞ւնն է նախապատրաստում, թե՞ այլ նպատակ է հետապնդում հայկական կողմերին պարբերաբար մեղադրելով ադրբեջանական դիրքերը թիրախավորելու համար։

Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ:

Սովորաբար, Բաքուն կանխամտածված ապատեղեկատվություն է տարածում՝ որպես էսկալացիայի նախապատրաստման գործիք: Այս փաստարկի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ վերջերս Ալիևը ԼՂ-ում պետական ինստիտուտները լիկվիդացնելու պահանջ է դրել ու կանխատեսումներ կան, որ Բաքուն ԼՂ-ում գուցե «հատուկ գործողություն» իրականացնի:

Բացի այդ, Ուկրաինայում Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացումից հետո, Ռուսաստան- Արևմուտք հակադրությունը կարող է նոր դրսևորումներ ունենալ, ինչը լարվածության նոր ռիսկեր կարող է ստեղծել մեր տարածաշրջանում:

Մյուս կողմից, բանակցությունների ինտենսիվացումը հույսեր է ներշնչում, որ հնարավոր կլինի հրաժարվել նոր էսկալացիայից ու Ադրբեջանի ագրեսիայից:

Հունիսի 12-ին Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Պաշտոնական Երևանն առայժմ չի հստակեցնում, թե քանի օր կտևեն Միրզոյան-Բայրամով բանակցություններն այս անգամ։

Մինչդեռ, Վաշինգտոնից արդեն հնչում են հուսադրող հայտարարություններ:

ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակը երեկ արդեն հայտարարել է՝ «անհամբեր սպասում են» Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին։

Վահրամ Բագրատյան