«Ես կանգնած էի տան շեմին, զինված ադրբեջանցիները կանգնեցին իմ դեմ, ձեռքերս կապեցին ու գերի տարան»

Էլմիրա Աբրահամյանը շուրջ 10 օր մնացել է ադրբեջանական գերության մեջ, հետո Կարմիր խաչի առաքելության միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան։
Մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, նա իր բազմանդամ ընտանիքի հետ ապրում էր Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղում։ Այգեգործությամբ ու անասնապահությամբ էին զբաղվում։ Պատերազմի օրը Էլմիրայի ամուսինը անտառում էր, ինքը՝ այգում։ Իմանալով, որ ծանր ձմեռ է սպասվում՝ փայտ էին կուտակում, ունեցած բարիքները պաշարում ձմռան համար։
MediaHub-ի հետ զրույցում տիկին Էլմիրան պատմում է, որ Վերին Հոռաթաղ գյուղում էր, տնամերձ այգում։ Պատերազմը սկսել է, նախ հարազատների հետ կապն է կորցրել։ «Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, ամբողջ ենթաշրջանը դատարկվեց։ Բոլորը տարհանվեցին Ստեփանակերտ և Իվանյանի օդանավակայան։ Ես մնացի իմ բարեկամի տանը, որը գտնվում էր Հոռաթաղի ծայրամասում։ Սպասում էի ամուսինս գար, որ միասին դուրս գանք։ Ձայներ եմ լսել, դուրս եկել բակ, մեկ էլ տեսնեմ 6 ադրբեջանցի զինված կանգնեցին դեմս։ Կապեցին ձեռքերս ու դրեցին մեքենայի մեջ։ Վախեցել եմ ցավդ տանեմ, դա օր չէր»,- հիշում է 62-ամյա կինը։
Ադրբեջանցի ծառայողները 3 օր Էլմիրային պահել են Հոռաթաղում։ Կինը պատմում է, որ նրանք անընդհատ հետաքրքրվում էին, թե արդյո՞ք իր որդին ծառայող է և կամ ամուսինը՝ առաջին պատերազմին մասնակից։ Էլմիրան պատասխանել է վերջիններիս հարցերին. «Հավատացել են, թե ոչ՝ իրենց գործն է։ Երեք օր անց ինձ տեղափոխել են Քարվաճառ։ Այնտեղ տեսել եմ մեր համագյուղացի մոտ 30 տարեկան մի երիտասարդի, ով ևս գյուղից է գերեվարվել։ Հիվանդ տղա էր։ Ինչևէ, մեզ հաց, ջուր տալիս էին։ Չեմ ուզում մանրամասնել դրանց վերաբերմունքը մեր հանդեպ։ Տանջվել եմ։ Ես մտածում էի իմ երեխաների ու թոռների մասին, վստահ էի, որ նրանք կարծում են, թե ես գերեվարվել կամ սպանվել եմ։ Ադրբեջանցիները նկարել են ինձ ու տարածել իրենց էջում, որ իբր հայ կնոջ մասին հոգ ենք տանում։ Խնդրել եմ, որ ինձ հանձնեն հայկական կողմին, բայց նրանք ինձ տարան Քարվաճառ, վրանի տակ քնելու տեղ ու բարակ ծածկոց տվեցին, մինչև մեկ շաբաթ անց զանգեցին, որ հետ ուղարկեք»։
Էլմիրա Աբրահամյանը սկզբից մտածել է, որ իրեն ու համագյուղացի տղային Բաքու են տեղափոխում։ Բայց ծանոթ ճանապարհը հարազատ անտառներով վերջիններիս բերել է Գետավան. «Այնտեղ մեզ սպասում էին Կարմիր խաչի աշխատակիցներն ու մի քանի ռուս խաղաղապահ։ Մեզ տեղափոխեցին Ստեփանակերտ։ Քաղաքը գրեթե դատարկ էր։ Այնտեղ մարդու իրավունքների պաշտպանը վերջին ավտոբուսով ուղարկեց Գորիս»։
Մեր զրուցակիցն ասում է, որ իր մասնակցությամբ հարցազրույցը կարճ ժամանակում տարածվել է, իր տնեցիներն էլ տեսել ու ուրախացել են, որ Էլմիրան ողջ է։ Նույն օրը ընտանիքը միավորվել է։
«Ուրախությունից իրար աչքալույս են տվել, հետո ինձ տարել են Մարալիկի հիվանդանոց, ձեռքս ու ոտքերս ցավեր ունեն, առողջական խնդիրներ շատ ունեի»,- ասում է Էլմիրան, գոհունակություն հայտնում բժիշկներին ու Հայաստանում իրենց օգնության ձեռք մեկնած հայրենակիցներին։
«Առանձնապես Բարեկամավան համայնքի ղեկավարին, որ տեղահանվելուց հետո առ այսօր մեր կողքին է, այստեղ բոլորը բարի մարդիկ են, օգնում, աջակցում ու ուժ են տալիս, որ անցած վատ օրերս մոռանամ»,- ընդգծեց 10 օր ադրբեջանական ճամբարում գերեվարված խնկավանցի Էլմիրա Աբրահամյանը։
Հունան Թադևոսյան