Կարգին Հայկոն կքաշի՞, թե կարգին իրեն կպահի

Կարգին Հայկոն կքաշի՞, թե կարգին իրեն կպահի

Եվ այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, երևանցիները շառաչուն ապտակ հասցրեցին: Այլևս միֆ է այն, որ ժողովուրդն իրենց մանդատ է տվել, ժողովուրդն իրենց հավատում է, որովհետև մասնակցության ցուցանիշով սա նորանկախ Հայաստանի ամենախայտառակ ընտրություններն էին. Իշխանությունը չկարողացավ անգամ ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին մոտիկ գալ իր համար ցանկալի արդյունքին: Ու Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցության խաղաքարտն էլ դրանում իրենց չի օգնի:

Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալու համար իշխանությունն, անշուշտ, դեռ կպայքարի, քանզի ամեն դեպքում ունի այդ գործիքակազմը՝ կառավարման ղեկն իր բոլոր բոնուսներով իրենց ձեռքին է: Որքան էլ երևանցին երեկ հստակ ո՛չ ասաց, այս իշխանությանը հեռացնելու համար սա, ցավոք, բավարար չէ, բայց լավ հիմք կարող է դառնալ.... եթե ցանկացողներ լինեն այդ հիմքի վրա պայքարի սերմեր ցանել ու հնձել արդյունքները:

Բայց խաղը դեռ նոր է սկսվում և վաղ է ուրախանալ: Եթե Երևանի ավագանի անցած ոչ իշխանական թևից երկուսի դեպքում արդեն պարզ է, թե ինչ չեն անի՝ չեն միանա ՔՊ-ին, որպեսզի օգնեն իրենց ձայներով Տիգրան Ավինյանին վերջապես լիարժեք հաստատվել քաղաքապետի աթոռին, ապա միանշանակ չէ, թե ինչ կանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: 
Ի սկզբանե, Հայկ Մարությանի մուտքն ընտրապայքարի մեջ կասկածի տեղիք էր տալիս՝ իշխանությանը պետք էր նրա խաղաքարտով ձայներ փախցնել ընդդիմադիր թեկնածուից, որը կլիներ արմատական ընդդիմության շարքերից: Տվյալ դեպքում՝ Անդրանիկ Թևանյանից: Եվ այս իմաստով նախկին քաղաքապետը հաջողեց՝ նա ավելի շատ ձայն է տարել, քան “Մայր Հայաստան” դաշինքը: 

Իսկ ի՞նչ կլինի հետո: Հայկ Մարությանը կմիանա՞ Անդրանիկ Թևանյանին: Խիստ կասկածելի է, քանի որ, ինչպես ասում են, նրա պոչը իշխանության ոտքի տակ է, ինչը բոլորս գիտեինք հենց սկզբից, իսկ իշխանությունը, կրկնվենք, ունի լայն գործիքակազմ, որպեսզի ստիպի մարդկանց եթե ոչ բացահայտ խաղալ բարիկադների իրենց կողմում, ապա  գոնե չմիանալ մյուս կողմում գտնվողներին:

Կկարողանա՞ Անդրանիկ Թևանյանը լեզու գտնել Մարությանի հետ և իշխանափոխության մեկնարկն ազդարարել մայրաքաղաքից: Սա է հարցը, որի պատասխանն այս պահին ունեն երկուսը՝ Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանը: 

Մեծ է հավանականությունը, որ Մարությանը կընտրի հենց այս տարբերակը՝ չի միանա ո՛չ ՔՊ-ին, ո՛չ Թևանյան-«Հանրային ձայն»-ին և վերջնական կփոշիացնի իր ձայները: Չմիանալը, ի դեպ, նույնն է, եթե նա կոալիցիա կազմեր ՔՊ-ի հետ: Թե ինչ արդարացմամբ դա կարվի՝ ցույց կտա ժամանակը:
Մնում է հուսալ, որ Հայկ Մարությանը կմնա կարգին Հայկո ու իշխանության ջրաղացին ջուր, այդուհանդերձ, չի լցնի...