Սա վերջին առերեսումն է, որին ծնողները կմասնակցեն․ Հովհաննիսյան
Առերեսումներն ակտիվ փուլում են և սա վերջին առերեսումն է, որին ծնողները կմասնակցեն։Դա իրենց դիրքորոշումն է և այդ դիրքորոշումը բխում է առերեսումների բովանդակությունից։ Այս մասին Քննչական կոմիտեի մոտ, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպի գործով հերթական առերեսման մասին ասաց զոհված զինծառայողների պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Այս անգամ առերեսմանը մասնակցում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության ստորաբաժանման (կարմիր բերետավորների ) պետ, փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանը։
Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, առերեսումը կատարվում է դատավարական գործընթացի մասնակիցների միջև այն դեպքում, երբ նրանց ցուցմունքներում առկա են էական հակասություններ դեպքի կամ իրադարձության վերաբերյալ։
«Մենք երկու֊երեք առերեսումից հետո տեսանք, որ այդպիսի հակասություններ ծնողների և ոստիկանների ցուցմունքներում առկա չեն։ Այսինքն՝ ծնողները նշում են, որ իրենց օրինական պահանջ ներկայացված չի եղել և բերման են ենթարկվել անօրինական կերպով՝ բռնի ուժ կիրառելու միջոցով և ոստիկանները չեն հերքում»,-ասաց Հովհաննիսյանը։
Ըստ պաշտպանի՝ այս առերեսումները ինքնանպատակ են, դրանք պետք է կատարվեն ոստիկանների միջև, տարբեր ծառայության աշխատակիցների միջև և հրամանատարական կազմի միջև, քանի որ նրանց ցուցմունքներում առկա են էական հակասություններ։
«Ստացվում է, որ հրամանատարական կազմը, այդտեղ գտնվելով, ոչ մի հրաման չի տվել և յուրաքանչյուր շարքային ոստիկան անհատական մակարդակում ինքն է որոշել ում բերման ենթարկի և ում բերման չենթարկի»,-խոսքն ամփոփեց Վահան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը կարմիր բերետավորները բիրտ ուժով հեռացրին զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր այնտեղ էին հավաքվել արգելելու վարչապետին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։
Մանրամասներըէ տեսանյութում