Հայաստանը՝ բռնապետության ճանապարհին

Բոլոր նշանները կան պնդելու, որ Հայաստանը կայուն ավտորիտսրիզմից անցում է կատարում բացահայտ բռնապետության:
Ալավերդին դարձավ դրա խորհրդանիշը:
Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կենտրոնական իշխանությունը ուզուրպացրեց ՏԻՄ-ը՝ ոստիկանությանը, փրկարար ծառայությանը դարձնելով բռնության գործիք, նրանց ներքաշելով ակնհայտ ապօրինի գործունեության մեջ:
Սեփականության իրավունքի շուրջ հանրային համերաշխությունը դեմոկրատիայի կարևոր հատկանիշներից մեկն է:
Իշխանությունն անցած տարի ոտնձգեց նաև սեփականության իրավունքի դեմ՝ ապօրինի գույքի գործիքակազմով հայց ներկայացնելով խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի դեմ:
Այստեղ բացարձակապես գործ չունենք օրինականության կամ արդարադատության հետ. կուլակաթափության սովորական գործընթաց է, որը, մի կողմից, ճնշում է իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող կապիտալին, մյուս կողմից՝ նպատակ ունի տնտեսական բազիս ստեղծել Փաշինյանի ավտորիտար ռեժիմի համար:
Կուլակաթափությունը, եթե այն տեղի ունենա, չի բերելու արդարադատության հաստատում, բայց առաջացնելու է սոցիալական կոլապս՝ աշխատատեղերի փակման հեռանկարով:
Հայաստանը դարձել է մի երկիր, որի բանտերը լեցուն են քաղաքական գործիչներով, որոնց միակ «մեղքը» ընդդիմադիր խոսք ասելը կամ ընդդիմադիր գործունեություն ծավալելն է:
Ու սա տեղի է ունենում Արևմուտքի քաջալերմամբ, որը մարդու իրավունքները դարձրել է իր աշխարհաքաղաքական շահերի պատանդը:
Վահրամ Բագրատյան