Ատամնացավից ազատվելու տնական և ավանդական մեթոդներ

Ատամնացավից ազատվելու տնական և ավանդական մեթոդներ

Ատամնացավը տհաճ երևույթ է, որը կարող է ի հայտ գալ ամենաանսպասելի պահին: Մասնագետների պնդմամբ՝ եթե ատամնացավը տևում է 2 օրից ավելի, ապա արդեն մտահոգվելու լուրջ առիթ է, քանի որ հաճախ այն առաջանում է ատամների փչանալու արդյունքում: Սակայն, եթե ատամնացավը ծագել է այնպիսի պահի, երբ պարզապես անհնար է բժշկի գնալ, ապա սաստիկ ցավերը հանգստացնելու համար կարող եք դիմել ժողովրդական բժշկությանը:

Healthtipsportal կայքն առաջարկում է ցավերը հանգստացնող մի քանի բաղադրատոմսեր, որոնք բավական արդյունավետ են:

Խոզանակով մաքրեք ատամները

Հաճախ ատամները ցավում են ավելորդ սննդի կուտակման արդյունքում: Խոզանակով մաքրելու դեպքում կհեռացնեք սննդի մնացորդներն ու կհանգստացնեք ատամնացավը:

Պղպեղ և աղ

Եթե ատամնացավը ոչ մի կերպ չի հանձնվում, պղպեղի և աղի խառնուրդ պաստրաստեք, քանի որ այս երկու բաղադրիչներն էլ հակաբորբոքային, հակաբակտերիալ և ցավազրկող ազդեցություն ունեն:

Խառնուրդը պատրաստելու համար՝ հավասար քանակությամբ վերցրեք սև աղացած պղպեղն ու աղը: Ավելացրեք մի քանի կաթիլ ջուր և խառնեք, կստանաք խյուս: Ստացված խյուսը քսեք վնասված ատամին, թողեք մնա մի քանի րոպե: Մի քանի օր շարունակ կրկնեք այս պրոցեդուրան:

Մեխակ

Մեխակը ցավազրկող հրաշալի միջոց է, որն ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ ազդեցություն: Այն հրաշալի կերպով հանգստացնում է ատամնացավը և պայքարում է տարատեսակ ինֆեկցիաների դեմ:

Վերցրեք երկու հատ չորացրած մեխակ, աղացեք և խառնեք բուսական յուղով: Խառնուրդը քսեք անմիջապես վնասված ատամին:

Եղեսպակ

Ատամնացավի ժամանակ  եղեսպակի եփուկով կանոնավոր ողողումները կօգնեն զգալի նվազեցնել ցավի ինտենսիվությունն ու հանել լնդաբորբը:
Կես բաժակ եղեսպակի մանրացված տերևների ու ծաղիկների վրա ավելացրեք մեկ բաժակ ջուր: Ջրային բաղնիքի վրա եռացրեք 10րոպե, թողեք սառչի մինչև սենյակային ջերմաստիճան, քամեք և ժամը մեկ անգամ ողողեք ցավացող ատամը:

Անանուխ
Ատամի թույլ ցավի, ինչպես նաև երեխաների ատամ հանելու ժամանակ, օգտագործեք անանուխի թունդ թուրմ:
Երկու ճաշի գդալ մանրացված անանուխը լցրեք մեկ  բաժակ եռացրած ջրի մեջ, թրմեք 20  րոպե, քամեք: Ատամը ողողեք անանուխի թուրմով, իսկ անանուխի նստվածքը դրեք լնդի և այտի արանքում: Փոքր երեխայի լնդերին դրեք անանուխի թուրմի թրջոցներ:

Աղի ճարպ

Ցավացող ատամի լնդի և այտի արանքում դրեք մի կտոր աղի ճարպ(ցանկալի է հին): Այդպիսի բուժումը լավ է անցկացնել գիշերը:

Բազուկ

Հում բազուկը քերեք մանր քերիչով և  դրեք ցավացող ատամի լնդին: Պահեք  30 րոպե: Կոմպրեսները փոխեք երկու ժամվա ընթացքում:

Սխտոր

Սխտորը կտրեք և դրեք ցավացող ատամի լնդին: Լորձաթաղանթի այրոցը կանխելու համար, պրոցեդուրայից առաջ լնդին արևածաղկի ձեթ քսեք:


Մեղրամոմ


Ատամի ցավն անցկացնելու համար կարող եք օգտագործել մեղրամոմ: Ոլոռի չափի մեղրամոմը կպցրեք ցավացող ատամի լնդին և թողեք ողջ գիշեր:

Մեխակի յուղ

Ամեն 2 ժամը մեկ անգամ ատամի անցքին կաթեցրեք 2 կաթիլ մեխակի յուղ: Գիշերը ատամի  անցքին դրեք մեխակի յուղով թրջված բամբակ: