«Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարին դատի կտա

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը MediaHub-ին հայտնեց, որ պատրաստվում են դատի տալ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարին: Հայցը, նրա խոսքով, այս պահին նախապատրաստվում է:
Հիշեցնենք, դեկտեմբերի 7-ին ԱԺ բարձր ամբիոնից ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը թիրախավորել էր ազատ մամուլին և զրպարտել՝ հայտնելով, թե «գիտենք ինչպես են Հայաստանում հոդվածներ տպագրվում: Փողը տալիս են, պատվիրում են և պախարակում պաշտոնյաներին»:
Նա, մասնավորապես, հնչեցրել է «Ժողովուրդ» օրաթերթի, «Հրապարակի» և այլ ԶԼՄ-ների անունները:
Քնար Մանուկյանը նշեց, որ Ազգային ժողովում մոտեցել է Արթուր Հովհաննիսյանին, պահանջել միասին գնալ դատախազություն կամ ԱԱԾ՝ ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում տալու: Սակայն ՔՊ խմբակցութան ղեկավարը հրաժարվել է «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցչի հետ իրավապահ մարմիններ գնալ: «Չեմ մեկնաբանում»,- միայն այս միտքն է հնչեցրել Արթուր Հովհաննիսյանը:
«Արթուր Հովհաննիսյանը չի կարողացել բացատրություն տալ, թե ինչ հիմքով է երկրի թիվ մեկ ամբիոնից հնչեցրել անպատասխանատու խոսք, սուտ և զրպարտություն»,- ասաց Մանուկյանը:
Ըստ այդմ, առաջիկայում «Ժողովուրդ» օրաթերթը դիմելու է դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին:
Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանից ներողություն խնդրելու պահանջ են ներկայացրել նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Հրապարակ» օրաթերթը՝ դարձյալ անպատասխանատու խոսքեր ամբիոնից հնչեցնելու համար: Բացի այս, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ևս պահանջել են Արթուր Հովհաննիսյանից ներողություն խնդրել «Ժողովուրդ» օրաթերթից՝ առանց հիմքերի և ապացույցների զրպարտանք տարածելու համար: