«Անիի նոթատետրը»․ գիրք, որ արտացոլում է Արցախի պատմությունը՝ պաշարումից մինչև գաղթ

«Ես երբեք չեմ մտածել գիրք տպագրելու և կամ հեղինակային ֆիլմ նկարելու մասին։ Այդ գաղափարն ինձ մոտ հայտնվեց Արցախի շրջափակման ժամանակ»,- MediaHub-ին պատմում է արցախցի լրագրող, հեռուստառադիոհաղորդավար և խմբագիր Անի Մանգասարյանը։
Վերջերս լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Անիի նոթատետրը» վերտառությամբ։ Լրագրողն անկեղծանում է. «Արցախի վերջին իրադարձությունները ստպեցին կենտրոնանալ, փորձել սեփական ուժերս ու ստեղծագործել»։ Նրա խոսքով՝ չէր հաջողի, եթե կողքին չլինեն սրտացավ մարդիկ։ Երախտագիտությամբ է խոսում խմբագիր Նորեկ Գասպարյանի և ամերակաբնակ մատենագետ Հովսեփ Նալբանդյանի մասին։ Վերջինս հովանավորել է գրքի հրատարակումը, իսկ Նորեկ Գասպարյանը ն ամբողջությամբ այն խմբագրել է։
«2022 թվականից ի վեր ձեռքիս տակ եղած նոթատետրում հաճախակի էի գրառումներ անում, երևի հերթական հոդված պատրաստելու համար, որովհետև «Ազատ Արցախ» հանրապետական թերթում ամսվա կարևոր իրադարձություններն էի ամփոփում։ Անընդհատ կապի մեջ էի շրջանների վարչակազմի ղեկավարների հետ։ Մտածում էի՝ երբ այս ամեն ինչն ավարտվի, կհանդիպեմ իմ զրուցակիցներին, կհավաքագրեմ իմ հոդվածներն ու տեսանյութերը, այն կդարձնեմ ֆիլմ կամ գիրք բլոկադա հաղթահարած մարդկանց մասին։ Երբեք չեմ պատկերացրել, որ իմ նոթատետրի էջերում տեղ կգտնի նաև պատերազմի և տեղահանության մասին գրառումներ»,- պատմում է մեր զրուցացակիցը։
Պատերազմի օրերին Անին լուռ էր։ Նկուղ առ նկուղ փնտրում էր Մարտակերտի շրջանից տարհանված իր բարեկամներին, փորձում սնունդ ու անհրաժեշտ հագուստ գտնել նրանց համար։ Շատ դաժան տեսարանների է հանդիպել, որոնք մտապահել հնարավոր չէր լինի։ Ու քանի որ նոթատետր չուներ՝ որոշեց այդ ամենը հավերժացնել հեռախոսի ֆոտոխցիկով։
«Տեղահանությունից ամիսներ անց սկսեցի թերթել և՛ նոթատետրիս էջերը, և՛ հեռախոսիս արխիվը։ Որոշում կայացրեցի այդ ամենի մասին պատմել։ «Անիի նոթատետրը» գիրքը ես նվիրել եմ քրոջս որդուն՝ Ալենին։ Նա մեկ ու կես ամսական էր, երբ լքեց մեր գյուղը՝ Վաղուհասը ու բռնեց գաղթի ճանապարհը։ Մեծանա, կկարդա, թե ինչ պայմաններում է ծնվել, ինչ ճանապարհ է անցել, այդ օրերին ինչպես էինք սնունդ հայթայթում, ինչպես ենք փրկվել և վերջապես ինչու լքեցինք Արցախը»,- ասում է հեղինակը, նշում, որ այդ մասին վստահ է, կգրեն գրողները, գրականագետները, կխոսեն՝ վերլուծաբաններն ու քաղաքագետները, բայց ինքը որոշել է գրել որպես ականատես։
Արցախյան առաջին ազատամարտի մասին հետաքրքիր ու հերոսկան պատումներն Անին 5 տարեկանի հիշողությամբ է հիշում, երբ պատմել են տան մեծերը։ Դրա համար նախաձեռնեց գոնե իր տեսածն ու ապրածը վավերագրել իրական լույսի ներքո։ «Ամեն մարդ, ով անցել է Արցախի ճանապարհը, կգտնի իրեն իմ գրքի տողերում»։ Նոթատետրը միայն հայ ընթերցողի համար չէ, այն թարգմանվել է նաև անգլերենով, հնարավորության դեպքում՝ նաև ռուսերեն տարբերակ կլինի։
Նոթատետրի հիման վրա Անին պատրաստվում է նաև ֆիլմ նկարել՝ իրական հերոսներով, իրական կադրերով։
«Փորձն արդեն կա։ Տեղահանությունից հետո մեդիանախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ նկարահանել եմ «Մեծ ծառ» վավերագրական ֆիլմը, որը բավականին մեծ արձագանքներ է ունեցել։ Իսկ 2-րդ գիրք տպագրելու առումով դեռ չեմ մտածել։ Բայց, նոթատետրի հրատարակումից հետո խոստացել եմ՝ հաջորդ գիրքը պետք է լինի դեպի տուն հավաքական վերադարձի մասին»,- հավելեց գրքի հեղինակը։
Հունան Թադևոսյան