Հունգարիայի ԱԳ նախարարը Ուկրաինայի ղեկավարությանը մեղադրել է առաջիկա ընտրություններին միջամտելու փորձի մեջ

Հունգարիայի ԱԳ նախարարը Ուկրաինայի ղեկավարությանը մեղադրել է առաջիկա ընտրություններին միջամտելու փորձի մեջ

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյյարտոն Ուկրաինայի ղեկավարությանը մեղադրել է առաջիկա ընտրություններին միջամտելու փորձի մեջ, հայտնում է AP-ն։

Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում Սիյյարտոն հայտարարել է, որ «հունգարական ձախերի եւ ուկրաինական կառավարության ներկայացուցիչների միջեւ մշտական համակարգում կա», եւ Ուկրաինան փորձում է ազդել Հունգարիայում ապրիլի 3-ի ընտրությունների վրա՝ հօգուտ ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայի։

Հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս մի քանի մեկնաբանություններ է արել՝ սուր քննադատության ենթարկելով Հունգարիայի կառավարության մոտեցումը պատերազմին:

Հունգարիան թույլ չի տալիս իր տարածքով զենք մատակարարել Ուկրաինային։ Երկիրը նաեւ դեմ է ռուսական էներգակիրների ներկրման դեմ պատժամիջոցների սահմանմանը` պնդելով, որ դա լուրջ վնաս կհասցնի իր տնտեսությանը:

Սիյյարտոն ասել է, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կապվել է Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանի հետ, որպեսզի քննարկի, թե ինչպես ազդել Հունգարիայի ընտրությունների վրա։ Սիյյարտոն ենթադրել է, որ ընդդիմադիր կուսակցությունները խոստացել են ընտրվելու դեպքում զենք մատակարարել Ուկրաինային եւ դադարեցնել ռուսական գազի ու նավթի ներկրումը:

Սակայն «Եվրոպեյսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում Կուլեբան հերքել է մեղադրանքները: «Ի տարբերություն Հունգարիայի պահվածքի՝ մենք երբեք չենք միջամտել Հունգարիայի ներքին գործերին, հատկապես ընտրությունների նախաշեմին»,- ասել է Կուլեբան։ «Ցավալի է տեսնել, թե ինչպես է հանուն ընտրական այսրոպեական առավելության նախարար Սիյյարտոն պատրաստ անհեթեթություն հորինել ու փչացնել իր հետ մեր հարաբերությունները, որ այսքան երկար կառուցել ենք»։