Պարտավոր ենք հարգել մեր պատերազմը․ Սենոր Հասրաթյան

Պարտավոր ենք հարգել մեր պատերազմը․ Սենոր Հասրաթյան

Արցախի ԶՈւ գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, հիշեցի  ձեր խոնարհ ծառայի և Սպարապետի միջև 1997թ. հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած հարցազրույցի հետևյալ  հատվածը.

-...Ղարաբաղի հարցի կարգավորումը պիտի իրականացնի ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Ղարաբաղում, սփյուռքում,-ասում էր նա:

- Բայց առաջին հերթին պիտի հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, որովհետև նա իր կյանքի, արյան, իր զավակների գնով կարողացավ այս պատերազմում հիմնական դերակատարը լինել:

Ինքը նվաճեց իր հողի վրա անկախ ապրելու իրավունքը և ողջ հայ ժողովուրդը պարտավոր է պաշտպանել այն; (...) Հիմնովի սխալ է այս պատերազմը «ղարաբաղյան» կոչել, սա ողջ հայ ժողովրդի պատերազմն է: Եվ եկեք ճշգրտենք, այս պատերազմը և, ընդհանրապես, այս շարժումը մինչև այսօր մեզ ավելի շատ տվել է, թե՞ տարել է մեզանից:

Եթե հիշում եք, այս շարժումն առաջին հերթին ազատագրեց Հայաստանը՝ Մեղրիից մինչև Մասիս, հետո Լաչին ու Շուշի, Քելբաջարն ու մնացածը: Այս պատերազմը, եթե անգամ չենք սիրում (չգիտեմ, աշխարում կա՞ պատերազմ սիրող ժողովուրդ), բայց իրենց հարգող ժողովուրդները հարգում են իրենց պատերազմը: Պարտավոր ենք հարգել մեր պատերազմը և նրանից հոգնելու, առավել ևս՝ այն ատելու իրավունք չունենք...»։
Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ...»։