«Հայաքվե»-ին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ․ նախագիծը կներկայացվի ԱԺ

«Հայաքվե»-ին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ․ նախագիծը կներկայացվի ԱԺ

«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջին փուլն ավարտվել է, նախագծին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Մեզ համար սա կարևորագույն վստահության մանդատ է՝ արդեն հետամուտ լինելու մեր կողմից ներկայացված օրենքի նախագծին ԱԺ-ում։ Մենք հիմա երկու շաբաթանոց դադար ենք վերցնելու, որպեսզի ստացված արդյունքները ամփոփոենք, թվայնացնենք և ներկայացնենք ԿԸՀ: Արդյունքները ԿԸՀ ներկայացնելուց հետո մենք կվերսկսենք քարոզարշավը, որպեսզի ներկայացնենք, թե ինչպես ենք Արցախը պահելու, որ վստահություն լինի»,- ասաց նա։

Չալաբյանը նշեց, որ սա մեծ հաղթանակ է, քանի որ մեր հայրենակիցները իրենց հավաքական ձայնը բարձրացրեցին մեր համազգային նպատակներին, ինքնիշխանության, սահմանադրական կարգի պաշտպանության օգտին՝ հավելելով, որ սա բողոքի ակտ է՝ ընդդեմ Հայաստանում թուրք-ադրբեջանական տանդեմի և նրա ներքին կամակատարների կողմից հաստատվող դիկտատուրայի, որի պատճառով այսօր Արցախը հասել է  ցեղասպանության շեմին և «Հայաքվե»-ն այս առումով նրանց համար կարող է փրկօղակ լինել: