Սիլիկյան գերեզմանատան 4 գերեզմանից ծաղիկներ են գողացել․ հարազատներն ահազանգում են

«Եղբորս ծննդյան տարեդարձն էր, գնացել էի գերեզմաններ, որ ծաղիկներ դնեմ, տարածքը մաքրեմ, սիրտս մի քիչ թեթևանա, հակառակը՝ վրդովված, հիասթափված ու ջղայնացած վերադարձել եմ։ Արդեն որերորդ անգամ՝ ծաղկամանները դատարկ են, արհեստական ծաղիկները գողացել են»,- MediaHub-ի հետ զրույցում իր հիասթափությունն արտահայտեց Բերտա Շահրամանյանը։
Բերտան տեղահանվել է Արցախից։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Հայկազովի վառելիքաքսուքային նյութերի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի ժամանակ նրա ընտանիքը մեծ կորուստներ է կրել։ Բերտան կորցրել է հորը, 2 եղբայրներին ու ամուսնուն։
«Չգիտեմ, ի՞նչ անուն կարելի է տալ այդ «մարդկանց»։ Գողացել են իմ հարազատների շիրմաքարերի մոտ տեղադրված բոլոր ծաղիկները, ծաղկամանները թողել դատարկ։ Հարցն այստեղ ծաղիկը կամ դրա գումարը չէ, այլ երևույթը, որի դեմ պետք է պայքարել։ Այս մի տարում ոչ մեկին այդքան չեմ անիծել ու ամենավատ բառերով վիրավորել, ինչքան այսօր»,- ասաց երիտասարդ կինը՝ երևույթն անվանելով սրբապղծություն։
Դեպքը տեղի է ունեցել «Սիլիկյան» գերեզմանատանը, որտեղ հուղարկավորվել են Բերտայի հարազատները, ընդ որում՝ փոքր եղբայրը 13 տարեկան էր։
Բերտան զարմանում է, թե ինչպե՞ս են համարձակվել ձեռք մեկնել ու միանգամից իրար մոտ հուղարկավորված 4 գերեզմանից արհեստական ծաղիկները գողացել։
«Ափսոս, որ ապրում ենք այս կեղտոտ աշխարհում, օրեցօր համոզվում եմ, որ իմ արդար տղամարդիկ փրկվել են էս անարդար ու ծուռ աշխարհից»,- հավելեց Բերտան։
Նշենք, որ վերջին շրջանում հայտնի դարձավ, որ անգամ «Եռաբլուր» պանթեոնի շիրիմներից են ծաղիկներ գողանում...
Հունան Թադևոսյան