Ուղեղի հետ խնդիրներ ունեն, հերթական անհեռատես նախագիծն է․ Մնացականյանը՝ Օղակաձև այգու վերակառուցման մասին

Ուղեղի հետ խնդիրներ ունեն, հերթական անհեռատես նախագիծն է․ Մնացականյանը՝ Օղակաձև այգու վերակառուցման մասին

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը երեկ տեղեկացրեց, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցվի և կբարեկարգվի։ Նա նշել էր, որ նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն։ 

Արդյո՞ք ճիշտ ժամանակն է այսպիսի որոշումներ ընդունելու․ այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։

«Հերթական անիմաստ, անպտուղ և անհեռատես նախագիծն է։ Իրանք չեն հասկանում իրականում ինչպես կառավարեն Երևան քաղաքը, անմիտ բաներով են զբաղված։ Օղակաձև այգին այնքան բաց վայրեր ունի թող դրանք լրացնեն ու մաքրեն։ Այստեղ անարդարության էլեմենտ կա երևանցիների հանդեպ։ Ես կարծում եմ, որ լեգիտիմություն չունեն այսօրվա քաղաքային իշխանությունները որոշել Երևանի ինքնության համար կարևոր տեղերի ճակատագրերը, օրինակ՝ թենիսի կորտերը, և որևէ լեգիտիմություն չունեն զբաղվել այս հարցերով»,- ասաց Մնացականյանը։

Կան շենքեր, որոնց ճակատագիրը դեռ պարզ չէ, օրինակ Շախմատի տան շենքի, որի մասին Մնացականյանն ասաց․ «Հասկացանք՝ ուղեղի հետ խնդիրներ ունեն, բայց հիմար չեն, նույնն է, որ Պապլավոկը կամ Կամերային տունը քանդեն։ Օղակաձև այգում այնքան սնկային հիվանդ պլատաներ կան, և այնքան չմշակված հեկտար հողեր կան, որ զարմանալի է, թե  ինչու են այդպես հրատապ ուզում զբաղվել Օղակաձև այգու հարցերով»։

Մնացականյանի խոսքով՝ քաղաքը սխալ է կառավարվում և այս որոշումն այդ սխալ կառավարման հերթական դրսևորումն է։ 

«Այդ թիմի քաղաքապետը և իր շրջապատը տարբեր առիթներով «Գլենդել Հիլզից» սկած Ֆիրդուսի «հերն անիծեցին», հիմա էլ կարող ա վաղը ուզեն շենք կառուցել, ո՞վ գիտի։ «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշակոթողի պահով նկատողություն է ստացել իշխանություններից, կարող ա տեղափոխեն, ես չեմ վստահում իրանց, անգամ եթե ասել են, որ չեն տեղափոխելու։ Հետո, որ քանդեցին, ո՞վ ա պատասխան տալու, իրենք գնալու են, իսկ իրենց վատությունը մնալու է»,- ասաց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Մնացականյանը։

Իսկ հարցին, թե «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշակոթողի տեղափոխման կամ քանդման մեջ ի՞նչ վտանգ է տեսնում, վերջինս պատասխանեց, որ բարոյական վտանգ է, քաղաքաշինական խնդիր չէ, այլ՝ բարոյական։ 

«Այսօրվա քաղաքային իշխանությունները լավ չեն տիրապետում իրավիճակին, այդ նույն խելքով եթե հուշակոթողը տեղափոխեն 6 ամիս հետո իրենց վրա ջղայնանան, մի հատ էլ պետք ա տեղափոխեն։ Պետք ա քաղաքային իշխանությունները լինեն պրոֆեսիոնալ, սրտացավ ու ձիգ։ Եթե ուզում են այգին բարելավեն մենք դեմ չենք, բայց մարդ պետք ա հարգի այս քաղաքը»,- եզրափակեց Մնացականյանը։

Օղակաձև այգու նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն: MediaHub-ը  հետաքրքրվեց մի քանի սրճարաններից, ինչպիսին են «Լաբիրինթը», «Նովելլա մյուզիք հոլը», «Մոնտանա մյուզիք հաուսը», որոնցից մի քանիսը անգամ տեղյակ չէին նորություններից, իսկ մնացածը դեռ ոչ մի որոշում չունեն։

Մարիաննա Արամյան