Ի՞նչ խղճով է Զավենիչն այցելել Սպարապետի շիրիմին

Վերջին անգամ ես այդ գործով հարցաքննվել եմ նախորդ տարի, ԱԱԾ-ում։ Այդ մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 27-ի հանգամանքների քննությանն ու բացահայտմանը։

Նրա խոսքով՝ իրեն մեկ ամսվա մեջ երկու անգամ են հարցաքննել, այլևս չեն կանչել, քանի որ նոր ասելիք չի եղել իր խոսքում։

«Կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ի բացահայտումը ազգային անվտանգության դաշտում է, և կարծում եմ, որ ԱԱԾ-ն կարող է արտաքին քաղաքական հետքի մասով հաստատում կամ հերքում տա։ Բայց քանի դեռ նման բան չկա, հոկտեմբերի 27-ը մնում է չբացահայտված, թեև կարծում եմ՝ ամեն մարդ իր մեջ այդ դեպքը բացահայտել է։ Ցավոք, մեր արդարադատությունն այդ քայլը չի արել։ Ես հույս ունեմ, որ մենք կունենանք այնպիսի արդարադատական համակարգ, որ կարող է բացահայտել արտաքին քաղաքական հետքը, որի փամփուշտն առ այսօր սլանում է Սյունիքի ուղղությամբ»,- նշեց նա։

Հարցին, թե ի՞նչ խղճով է ինքնայցելել Սպարապետի շիրիմին, երբ գործակցում է այն իշխանության հետ, որի օրոք Արցախը հանձնվեց, Արամ Սարգսյանը պատասխանեց՝ գրեթե ամեն շաբաթ այցելում է եղբոր շիրիմին ու բոլոր հիշատակի օրերին էլ այնտեղ է։

«Ինչ սրտո՞վ եմ գալիս․ կոտրած սրտով։ Մարդիկ մեղադրում են, գուցե իրավունք ունեն։ Գուցե իմ մեղքի բաժինն էլ կա։ Ո՞ւմ կողքին եմ կանգնում, ոչ ոքի կողքին էլ չեմ կանգնում, ես կանգնած եմ Հայաստանի պետականության կողքին։ Իսկ այդ պետականությունը պահանջում է, որ ՀՀ ներսից չլինեն խժդժություններ, քանի որ այդ խժդժությունների հետևանքով 90-ականներին Ադրբեջանը կորցրեց իր յոթ շրջանները։ Նաև կարևոր է՝ ովքե՞ր են ուզում այդ խժդժությունները։ Վազգենի առումով ինձ մեղադրողները թող ասեն՝ իրենք ի՞նչ էին անում, երբ կոծկվում էր հոկտեմբերի 27-ի դատավարությունը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում