Լենցովի զրոյական արդյունքը 

Լենցովի զրոյական արդյունքը 

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովին չի հաջողվել ադրբեջանական կողմի հետ Բաքվում կայացած քննարկումների ընթացքում հաջողության հասնել, հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Լենցովն անցած շաբաթ էր մեկնել Բաքու՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը:

«Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել», - գրել է արցախցի պաշտոնյան ֆեյսբուքյան իր էջում:

Նրա փոխանցմամբ՝ ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում: Թե որտեղ, նա չի մանրամասնել։

Չնայած Արցախի պետնախարարի թույլ լավատեսությանն՝ ակնհայտ է, որ Լենցովին չի հաջողվել հասնել Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետի հանմանը ու այդ խնդիրը Մոսկվայի համար, թերևս, անլուծելի է, եթե նույնիսկ խաղաղապահ առաքելության հրամանատարը շաբաթը մի քանի անգամ Բաքու մեկնի:

Դեռևս անցած տարվա դեկտեմբերի 12-ից հետո ենք նկատել, որ եթե անգամ Լաչինի միջանցքը վերաբացվի, դրանում նախկին ռեժիմը չի գործելու:

Այդպես էլ եղավ, ինչի վկայությունն ապրիլի 23-ին ադրբեջանական անցակետի բացումն էր Հակարիի կամրջի վրա:

Այդ անցակետն Ալիևը չէր բացի, եթե անգամ թույլ մտավախություն ունենար, որ կարող է հակազդեցության հանդիպել Մոսկվայից կամ արևմտյան մայրաքաղաքներից:

Ադրբեջանը գործել է միջազգային լռելյայն համաձայնության պայմաններում ու մեր խնդիրն է՝ գտնել լուծումներ, որոնք կերաշխավորեն Արցախի հայկականությունը նոր իրավիճակում, երբ Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն փաստացի չի գործում:

Վահրամ Բագրատյան