Իշխանությունը հակահայ հնարամտությա՞ն է դիմում. ի՞նչ կլինի «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշակոթողի հետ

Իշխանությունը հակահայ հնարամտությա՞ն է դիմում.  ի՞նչ կլինի «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշակոթողի հետ

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը երեկ տեղեկացրեց, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցվի և կբարեկարգվի։ Նա նշել էր, որ նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն։

Այս տարածքում տեղակայված է «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշակոթողը, ի՞նչ կլինի այդ հուշակաթողի հետ, արդյո՞ք այն կքանդվի․ այս մասին MediaHub-ը զրուցեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։

««Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշակոթողը մնալու է նույն իր տեղում, նույն սկզբունքով բոլոր հուշարձանները, որոնք այդ տարածքում են, մնալու են իրենց տեղում»,- ասաց Կոստանյանը։

Իսկ հարցին, թե շինարարության ժամանակ ո՞ւր են տեղափոխելու հուշարձանները, նա պատասխանեց, որ քանի դեռ շինարարության մասին որևիցե քննարկում կամ ժամկետ չկա,  չի կարող ասել, թե ապագայում ինչ ձևաչափով է այն իրականացվելու։ 

«Ռեստորանները քանդվելու են և, բնականաբար, փոխհատուցում է լինելու, իրենք տնտեսվարողներ են, որտեղ կուզեն թող իրենց գործունեությունը շարունակեն»,- ասաց Կոստանյանը։

Կոստանյանը շեշտեց, որ հստակ ժամկետներ  այս պահին չկան։ 

Հիշեցնենք, որ «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշակոթողը Թուրքիայի կողմից ոչ միայն քննադատվեց, այլև ՀՀ նկատմամբ պատժիչ գործողությունների տեղիք տվեց: Մասնավորապես, Անկարան իր օդային տարածքը փակեց հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար և այլն:

Մարիաննա Արամյան