Ոստիկանների ծիծաղը դեմքներին սառեց, փորձեցին արդարանալ. Աբրահամյան

Ոստիկանների ծիծաղը դեմքներին սառեց, փորձեցին արդարանալ. Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել:

Ըստ նրա` սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով իշխանությունը ցույց է տվել իր անկեղծությունը, որովհետև հետևյալն է արել՝ արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա:

Ես չգիտեմ, թե ԱԱԾ, ոստիկանության, ԶՈւ ներկայացուցիչների որ մասն է տեղյակ, որ իրենց իջեցված հրամաններով ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ են ապահովում, սակայն համոզված եմ, որ որոշները գիտակցված են անում:

Երեկ Ոսկեպարի մոտ, տեղի ակտիվ բնակիչներից մեկը նկատողություն արեց ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր եկեղեցին շրջափակել էին ու ապահովում էին սակրավորների ականազերծման աշխատանքները, հարցնելով` «էտ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանում ե՞ք ձեր արածով»:

Ոստիկանների ծիծաղը դեմքներին սառեց, փորձեցին արդարանալ, բայց փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի»: