ՔՊ-ական եղած ժամանակ էլ դատավորը «չզբաղվել պոլիտիկա»

«Քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ եմ ներկայացրել, բայց չեմ զբաղվել»։ Այսպես է իր՝ ՔՊ-ին մի քանի ամիս անդամակցելն ու «Իմ քայլը» դաշինքով որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելը մեկնաբանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը:
Նշենք, որ այս հիմնավորման կարիքն առաջացավ այսօր՝ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ, երբ քննարկվում էր դատավորի՝ հայրենասեր լինել-չլինելու, հստակ քաղաքական դիրքորոշում ունենալու հարցը։
«Քաղաքական պաշտոն երբևէ չեմ զբաղեցրել, եղել եմ համայնքային ծառայող, փաստաբանական գործունեության արտոնագիր ունեմ, շատ կարճ ժամանակ փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվել: Ի դեպ, դատախազի թեկնածու եղել եմ 2017 թվականին, կարծում եմ՝ որևէ մեկի աչքից դա վրիպած չի լինի, այսինքն մինչև 2018 թվականի քաղաքական պրոցեսներն է եղել: 2019 թվականի ապրիլին նշանակվել եմ դատախազ, 2024 թվականի հուլիսի մեկին նախագահի հրամանով նշանակվել եմ հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Օբյեկտիվ իրականության մեջ չի կարող լինել գեթ մեկ ողջամիտ փաստարկ, որ ես քաղաքականացված անձնավորություն եմ, քաղաքական կերպար եմ»,- նշեց նա:
Փաստացի, իր խոսքով՝ ինքը քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ է ներկայացրել, բայց չի զբաղվել քաղաքականությամբ, թեև, ըստ էության, քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացնողը արդեն իսկ նշանակում է, որ զբաղվում ես քաղաքականությամբ: Եթե իհարկե, խոսքը ՔՊ-ի մասին չէ, քանզի այստեղ քաղաքականությամբ զբաղվելու ամենակարևոր գրավականը քայլած լինել-չլինելն է։ Իսկ այն, որ մարդը մասնակցել է քարոզարշավին, ընտրողին ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, խոստացել, որ ընտրվելուց հետո հենց այդ ծրագրի կյանքի կոչմանն է ծառայելու, քաղաքականությամբ զբաղվել չէ, ո՜չ։
Ինչևէ, այսքանով դատավորի քաղաքականությամբ չզբաղվելու հարցը մի կողմ թողնենք և անցնենք երկրորդ, ոչ պակաս կարևոր հարցին՝ հայրենասիրությանը։
Այստեղ ևս շատ կարևոր բացահայտում արեց դատավոր Սարգիս Պետրոսյանը՝ ասելով, որ չի պատկերացնում ավելի հայրենասեր մարդ, քան ինքն է։ Որպես այդ հայրենասիրության առհավատչյա էլ նշեց՝ իր զարթուցիչի ձայնն անգամ Հայաստանի հիմնն է։ Փաստացի՝ այս ձևով էլ իր հայրենասեր չլինելու «հարցը փակեց» դատավորը։
Նարե Գնունի