Փոքրիկ Տիգրանին անգամ անտառում են փնտրում, մտածում են՝ կենդանիներն են տարել

Փոքրիկ Տիգրանին արդեն որերորդ օրն է չեն կարողանում գտնել, նրա անհետանալու հետ կապված տարբեր վարկածներ են քննարկվում։
2–ամյա փոքրիկը բակում խաղալուց է եղել, ծնողները մտածել են, որ երեխան տանն է քրոջ հետ, որից հետո երեխան անհետացել է: Ծնողները կասկածներ ունեն, որ երեխան, հնարավոր է, անզգուշաբար գետն ընկած լինի։
MediaHub-ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ մայիսի 7-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։
«Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քան 170 փրկարարներ, այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 150 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,– նշեցին ՆԳՆ–ից։
MediaHub-ի տեղեկություններով՝ անգամ հարակից անտառն ու տարածքներն են ստուգում, ԱԹՍ-ներով էլ, բայց երեխային չեն կարողանում գտնել։ Անգամ դիտարկվում է այն վարկածը, որ երեխային հնարավոր է գիշատիչ կենդանին տարած լինի, բայց ոչ մի հետք չկա։
MediaHub-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այս առեղծվածային դեպքը․․․
Մարիաննա Արամյան