Ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում․ ցավոք, երեխան դեռ չկա

Ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում․ ցավոք, երեխան դեռ չկա

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում մեծից փոքր փրկարարների հետ հավասար որոնում են մի քանի օր առաջ անհետ կորած 2 տարեկան Տիգրանին։ Գյուղում տարբեր վարկածներ են շրջանառվում։ 

Համայնքի ղեկավար Արթուր Քարամյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ շատերը կարծում են՝ երեխան խեղդվել է Մարմարիկ գետում, մի մասը՝ գողացել են։ 

«Ես չեմ կարող որևէ այլ բան ասել, փաստը էն ա, որ երեխան չկա։ Ամբողջ գյուղով ման ենք գալիս, բոլոր հավանական ու անհավանական տեղերը նայել ենք, չկա ու չկա»,- ասաց նա։

Առավոտյան ժամը 6:30-ից որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են։ Ըստ համայնքի ղեկավարի՝ ՆԳՆ-ն գործի է դրել բոլոր հնարավոր ռեսուրսները, տեղում են ուժային բոլոր կառույցներից ծառայողներ ու կամավորներ։  

Քարամյանը նաև նշեց, որ փոքրիկ Տիգրանի ընտանիքը Մարմարիկում հարգված մարդիկ են։ Թե ի՞նչ կարող էր տեղի ունեցած լինել ընդամենը 10 րոպեի ընթացքում՝ ոչ ոք չգիտի։

«Գետը մոտ է տներին, բայց ծնողների հավաստմամբ երեխան չէր կարող այդ կարճ ժամանակահատվածում հասնել գետ։ Հեր ու տղա բակում աշխատում էին մեքենայի վրա, իսկ բակում Տիգրանն ու քույրը խաղում էին։ Հետո քույրը բարձրացել է տուն, հայրը կարծել է՝ երեխաները տանն են, մայրն էլ՝ թե Տիգրանը մնացել է բակում, հոր մոտ։ Ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում, հետո սկսվել են որոնումները, որոնք շարունակվում են մինչ օրս»,- հավելեց Արթուր Քարամյանը։

Հավելենք, որ Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հոդվածը վերաբերում է մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությանը։
Շարունակում ենք հետևել զարգացումներին:

Հունան Թադևոսյան