Իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել, Փաշինյանը կնոջ շարֆ է նվեր ստացել. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակությունը Փաշինյանի հետ հանդիպմանը ձեռնունայն չի եկել։
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը Փաշինյանին կնոջ շարֆ է նվիրել։
Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի»՝ շարֆն արժեցել է 45 հազար 312 դրամ։ Վարչապետի ստացած կնոջ շարֆը պատրաստված է բամբուկից եւ զարդանախշ տուփով է եղել։
Բացի շարֆից՝ Փաշինյանին Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը նվիրել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի շենքի 3D մոդելը՝ պատրաստված մետաղից։ Այն պատրաստված է եղել վիետնամական Qua Quy ընկերության կողմից եւ արժեցել է 45 հազար դրամ։
Կարող ենք ենթադրել, որ կնոջ շարֆը Աննա Հակոբյանի համար է եղել, իսկ մանրակերտը՝ Փաշինյանի, սակայն ինչպես հասկացանք, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը Փաշինյաններին պետք չի եկել»։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մարտուն Գրիգորյանի թիմին զուգահեռ, իշխանությունն «աշխատանքներ» է տանում նաեւ Վարդան Ղուկասյանի թիմի ուղղությամբ: Երեկ իշխանական շրջանակներից մեզ ասացին, որ Ղուկասյանի թիմից 2 հոգու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվելու:
Իսկ եթե հոժարակամ ՔՊ-ի կողմը չանցնեն, ապա հնարավոր է ձերբակալությունների միջոցով իշխանության զավթում իրականացվի: Թե ովքեր են թիրախները, անուններ չտվեցին։ Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիում իշխանազավթման մեկնարկը ՔՊ-ի կողմից տրված է` Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Կարեն Բադալյանն ապրիլի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել քաղաքապետին, վերջինս էլ արձանագրություն է կազմել եւ ուղարկել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Սակայն երկու օր անց Բադալյանը նոր դիմում է ներկայացրել, որով խնդրել է անտեսել իր դիմումը, նշել է, որ ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ եւ ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։ Մարտուն Գրիգորյանը կասկածներ ունի, որ իշխանությունն ազդել է իր թիմակցի վրա եւ փորձում է զավթել Գյումրին։
Իշխանությանը 3 ձայն է պակասում, որ փոխի ձայների հարաբերակցությունը հօգուտ իրեն․ այժմ 14 մանդատ ունեն՝ ավագանու 33 մանդատից։