Ինչո՞ւ են «Սիներջիի» աշխատակիցների նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոցներ ընտրվել, քան էկոնոմիկայի նախարարության

«Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանն ազատ է արձակվել, դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:
Հիշեցնենք, դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Անի Գևորգյանի (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է) և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:
Չնայած այս ամենին, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց երկու ամիս տնային կալանք, նույնը նաև էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ ։
Ստացվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հանդեպ կիրառվեց ավելի խիստ կալանք, քան «Սիներջի» ընկերության աշխատակիցների հանդեպ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը MediaHub-ի հետ զրույցում համաձայնեց այս տեսակետի հետ։
«Կարծում ենք, որ նախաքննությունը քիչ-քիչ կմտնի այն փուլ, որը իրականությունն է. ի սկզբանե ընկերության աշխատակիցների նկատմամբ ընտրված էր ավելի խիստ խափանման միջոցներ, քան նախարարության աշխատակիցների համար՝ այն դեպքում, որ ընկերության աշխատակիցները մեղադրվում էին նախարարության աշխատակիցների արարքին օժանդակելու համար»,- ասաց Ալեքսանյանը։
Փաստաբանն ավելացրեց, որ այս պահի դրությամբ ավելի մեղմ խափանման միջոցներ են ընտրված ՍՊԸ աշխատակիցների նկատմամբ, քան նախարարության աշխատակիցների, ինչն ի սկբանե եղել է հակառակը։
«Քննությունը տարվում է, կարող է լինել, որ քրեական վարույթը կարճվի, բայց իմ կարծիքով՝ այս պարագայում չի լինի և վաղ է դրա մասին մտածելը»,- ասաց Ալեքսանյանը։
Այսպիսով, քրեական գործով անցնող «Սիներջի» ընկերության բոլոր աշխատակիցները գտնվում են ազատության մեջ, իսկ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների համար զարգացումներն ավելի խիստ ընթացք ունեն:
Մարիաննա Արամյան