Բացահայտվել են անշարժ գույքի ապօրինի վարձակալության մի քանի տասնյակ դեպքեր․ մանրամասներ

Բացահայտվել են անշարժ գույքի ապօրինի վարձակալության մի քանի տասնյակ դեպքեր․ մանրամասներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքը վարձակալության տրամադրման դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին հայտարարություն ներկայացնելու պահանջի կատարման նկատմամբ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության  կողմից իրականացվել են հսկողական աշխատանքներ։

2024 թվականի առաջին կիսամյակում ՀՕՀ վարչության աշխատակիցների կողմից  կատարվել է այցելություն Երևանի և մարզերի շուրջ 300 հասցեներում։ Արդյունքում մի քանի տասնյակ դեպքերով ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացահայտված անշարժ գույքի ապօրինի վարձակալության դեպքերի մասով կազմվել են արձանագրություններ, որոնք ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։ Հնարավոր վարչական ակտերի ընդհանուր գումարը կազմում է 11 մլն 691 հազար դրամ։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանված կարգով (ՀՀ ՊԵԿ նախագահի 01.12.2023 թ. թիվ 1263-Ն հրաման) 18 932 քաղաքացու կողմից հարկային մարմին է ներկայացվել անշարժ գույքի վարձակալության 28 238 հայտարարություն, իսկ օգոստոսի 28-ի դրությամբ ներկայացվել է անշարժ գույքի վարձակալության 35 557 հայտարարություն՝ 22 055 քաղաքացու կողմից:

Կոմիտեն ողջունում է կամավոր հարկային կարգապահություն ցուցաբերած քաղաքացիներին՝ կարևորելով օրենքի պահանջների հետևողականորեն պահպանումը և անշարժ գույքը վարձակալության տրամադրելու վերաբերյալ սահմանված կարգով հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը։

ՊԵԿ-ը, միաժամանակ, ֆիզիկական անձանց հորդորում է կամավոր հարկային կարգապահության շրջանակում ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր` հարկային մարմնի վարչարարության արդյունքում  կիրառվող տույժերից և տուգանքներից զերծ մնալու համար: