Գրիգորիչ ջան, Արցախի ամբողջ ճանապարհը խոսեցինք ու էլի կիսատ մնաց

Գրիգորիչ ջան, Արցախի ամբողջ ճանապարհը խոսեցինք ու էլի կիսատ մնաց

Քիչ առաջ տեղեկացանք, որ 74 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ, ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։

Մեր տեղեկություններով՝ նա թոքի քաղցկեղ ուներ, բուժման նպատակով գտնվում էր Գերմանիայում։

Սահակյանի մահվան լուրից հետո սոցցանցերում ակտիվորեն նրա լուսանկարն է տարածվում, մարդիկ ափսոսանքի խոսք են գրում՝ նշելով, թե որքան կարևոր ավանդ է ունեցել Գալուստ Սահակյանը հայկական քաղաքական դաշտում։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն, օրինակ, Սահակյանի հետ լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Գրիգորիչ ջան, Արցախի ամբողջ ճանապարհը խոսեցինք ու էլի կիսատ մնաց։ Հասցրեցի լինել այն ժամանակահատվածում, որը թույլ տվեց ճանաչել Ձեզ։ Գոնե կարճ, բայց հասցրեցի Ձեզ լսել…։ Անցյալ տարի այս օրն էլ համագումարի էինք…։ Մեր աղոթքը Ձեզ հետ պարոն Սահակյան ջան»,- գրել է նա։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գրիգորիչ ջան… իմ ավագ ընկեր… իմ հարազատ մարդ…»։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն էլ գրել է․

«Հազար ափսոս, Աստված հոգին լույսերի մեջ պահի»։

ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Հենրիխ Դանիելյանն էլ նշել է․

«Խորապես ցավակցում եմ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ։ Լույսերի մեջ մնաք Պարոն Սահակյան»։

Հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանն էլ հրապարակում է արել, որում ասվում է՝ ձյաձը գնաց։

«Վստահաբար քաղաքական դաշտի ամենակոլորիտային դեմքն էր։ Իր հետ կապված պատմություններն ու արտահայտությունները բարի էին, երբեմն իհարկե զվարճալի, բայց միշտ անվնաս: Թող հոգուն հանգստություն լինի»,- գրել է նա։

Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թ. ապրիլի 8-ին Երևանում: 1971 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: Բանասեր է:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր, ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ:19:27