Քննիչ հանձնաժողովը ոչ մի բացահայտում չի արել, Սամվել Բաբայանի դեմ քրեական վարույթ չի հարուցվել․ Մամուլը՝ սուրճով

Քննիչ հանձնաժողովը ոչ մի բացահայտում չի արել, Սամվել Բաբայանի դեմ քրեական վարույթ չի հարուցվել․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ-ականները եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ փակ քննարկում են ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորները եւ նախարարը քննարկել են «Առողջապահության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջիկայում հանրային լսումներ կիրականացվեն, եւ այն կմտնի ԱԺ նիստերի օրակարգ:

Մեր տեղեկություններով՝ Ավանեսյանի եւ ՔՊ-ականների քննարկումը բավականին ջերմ ու գործնական մթնոլորտում է անցել: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իր գլխավորած նախարարության հեղինակած նախագիծը, այնուհետեւ պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում դրական կարծիքներ են հնչեցրել նախագծի մասին:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Անահիտ Ավանեսյանի կուսակցական ակտիվությունն իր արդյունքը տվել է:

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հոկտեմբերի 23-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն․ «Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով եւ ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել», եւ խնդրել էր վարույթ նախաձեռնել Արցախի նախկին ԱԽՔ-ի հայտարարությունների հիմքով։

ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունից պատասխանել են, որ Բաբայանի կողմից որեւէ օրենսդրական կարգ չի խախտվել, եւ ԱՀ այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Բաբայանի գործունեության մասին, ուստի հանցակազմի բացակայության հիմքով վարույթ չի կարող նախաձեռնվել։

Մինչդեռ Բաբայանի՝ ԱՀ ղեկավարության դեմ արած հայտարարություններին ընթացք է տրվել, գործ է հարուցվել, չնայած դատախազությունը ԶԼՄ-ներին չի հայտնում, թե ում դեմ է այն եւ ինչ հատկանիշներով»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանը հերթական խոստումներն է տալիս եւ ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի զարգացման ծրագիրը՝ 2024 թվականի համար։Օրինակ՝ տրանսպորտի ոլորտում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել Երեւանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի եւ միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթաց, հասարակական տրանսպորտի կանգառների կահավորում, մետրոպոլիտենի վագոնների արդիականացում, նոր ավտոբուսների կամ էլեկտրաբուսների ձեռք բերում (18 մետր 249 հատ եւ 8.5 մետր երկարությամբ 171 հատ), նոր տրոլեյբուսների (71 հատ) ձեռք բերում։ Կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի թվով 600 վերելակների փոխարինում, բազմաբնակարան շենքերի հարթ եւ թեք տանիքների վերանորոգում, բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգում։

Արտաքին լուսավորության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երեւան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընթացիկ շահագործման, պահպանման եւ արդիականացման աշխատանքներ, «Երեւանի քաղաքային լուսավորություն» ծրագրի շրջանակում Երեւան քաղաքի 28 փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացում: Բնապահպանության ոլորտում նախատեսվում է իրականացնել Կենդանաբանական այգու ընդլայնում։

Իհարկե, այս ոլորտներում խոստումներ շատ ենք լսել, մնում է՝ դրանք իրականություն դառնան։

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ավագանու նիստից մեկ օր առաջ, ուշ երեկոյան, Երեւանի քաղաքապետարանում քննարկում է կազմակերպվել Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության եւ ՔՊ-ի ավագանու անդամների մասնակցությամբ։ Հավաքի թեման մի քանի աղմկահարույց նախագծեր են եղել, որոնցից մեկը վերաբերել է վարչական շրջանների ղեկավարների լիազորություններին: Եթե հիշում եք` ՔՊ-ն քաղաքապետարանում իշխանություն դարձավ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիայի շնորհիվ, որի արդյունքում վարչական շրջանների 3 ղեկավարների եւ մեկ փոխքաղաքապետի պաշտոնը զիջեցին կոալիցիոն գործընկերոջը: Հիմա ՔՊ-ն որոշել է փոփոխություն կատարել վարչական շրջանների ղեկավարների լիազորությունների մեջ եւ նրանցից վերցնել մի կարեւոր լիազորություն։ Խոսքը համայնքային մշակույթի կենտրոնների, սպորտդպրոցների տնօրենների նշանակման իրավունքի մասին է, որն ուզում են վերցնել թաղապետերի ձեռքից եւ տալ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին։ «Հանրապետությունը» շատ ծանր է տարել այս խոսակցությունը, եւ այդ ոտնձգությունը` իրենց նորանշանակ թաղապետերի իրավասությունների նկատմամբ, թունդ վեճի պատճառ է դարձել: Նրանք կտրականապես դեմ են արտահայտվել այդ փոփոխությանը։ 

Նույն օրը թեժ քննարկում է եղել մեկ այլ կառուցվածքային փոփոխության վերաբերյալ նույնպես, որով քաղաքապետարանի որոշ վարչություններ վերածվում են բաժինների, որոնց կուրացիան ոչ թե փոխքաղաքապետերը պետք է իրականացնեն, այլ խոշոր վարչությունների պետերը։ Մեր աղբյուրի պատմելով՝ այս փոփոխությանը դեմ են արտահայտվել անգամ ավագանու ՔՊ-ական մի քանի անդամներ։ Նիստն ավարտվել է ուշ երեկոյան, «Հանրապետությունը» կարողացել է հասնել նրան, որ կառուցվածքային փոփոխություններին վերաբերող` հրատապության կարգով բերված երկու նախագծերը հետ կանչվեն եւ ուղարկվեն լրամշակման։ Հավանաբար հույս ունեն, որ հետո ղեկավարությունը կբանակցի եւ կհասնի նրան, որ դրանք այլեւս օրակարգ չբերվեն:

«Հանրապետություն» կուսակցությունից Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ երեկ երեկոյան հանդիպում է եղել։ «Միշտ ենք ունենում հանդիպում՝ օրակարգի բոլոր հարցերը, ըստ հերթականության, քննարկում ենք։ Ես այդ նախագծին դեմ չեմ արտահայտվել, պարզապես այն եկել է հրատապ կարգով, ու քանի որ խոր ուսումնասիրության կարիք է եղել, որոշել ենք թողնել հետո»,- ասաց նա։

Մեր ճշտող հարցին՝ այդ նախագծով կրճատվում էին նաեւ «Հանրապետություն» կուսակցության երեք թաղապետերի լիազորություննե՞րը, գուցե դա՞ է եղել պատճառը, որ ձեր ֆրակցիան դեմ է արտահայտվել, Խաչատրյանն ասաց․ «Առհասարակ, ես ուզել եմ հասկանալ՝ Երեւանի համար ինչն է շահեկան՝ այդ հաստատությունների տնօրենների ընտրությունը մնա վարչական շրջանի ղեկավարների լիազորությա՞ն, թե՞ քաղաքապետարանի տակ։ Վարչական շրջանի լիազորությունները պակասեցնելու խնդրի շուրջ չի եղել մեր քննարկումը»։ 

Խոսելով մյուս կառուցվածքային փոփոխությունից, ըստ որի՝ վարչությունները դառնում են բաժիններ, իսկ փոխքաղաքապետերն այլեւս կուրացիա անել չեն կարող բաժինների աշխատանքը, Խաչատրյանն արձագանքեց․ «Այն, որ վարչությունները բաժիններ են դառնում, դա չի նշանակում, որ փոխքաղաքապետերի վրայից կուրացիաները դուրս են գալիս»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը, թերեւս, իր ուրույն տեղն է զբաղեցնում խորհրդարանական մյուս անօգուտ ու ձեւական բնույթ կրող հանձնաժողովների շարքում:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել էր 2022թ.-ի փետրվարի 10-ին՝ ՔՊ-ի նախաձեռնությամբ: Թերեւս հանձնաժողովը կոչված էր ուսումնասիրելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, սակայն մինչ օրս, բացի Անդրանիկ Քոչարյանի բոցաշունչ ու աղմկահարույց հայտարարություններից, ելույթներից, նրա ղեկավարած հանձնաժողովը ոչ մի ուշագրավ բացահայտում չի արել:

Ընդ որում՝ ուշագրավ է, որ պատերազմի հանգամանքների քննություն իրականացնում են այն իշխանությունները եւ նրա արբանյակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք չեն կարող որեւէ դեպքում Նիկոլ Փաշինյանին՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի մեղադրել: Ընդդիմադիր ուժերը հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի՝ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով: Այս հանձնաժողովի գործունեությունն արդեն երկու անգամ երկարացվել է՝ 2022թ.-ի հոկտեմբերին 5-ին եւ 2023թ. մայիսի 3-ին. հանձնաժողովի գործունեությունն արդեն երկրորդ անգամ է 6 ամսով երկարաձգվել, այսինքն՝ այն այլեւս չի կարող երկարաձգվել:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն օրերս ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովն ապօրինի է գործում, քանի որ դրա լիազորությունները օգոստոսի 11-ից ավարտվում են. չնայած սրան՝ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է մինչեւ դեկտեմբեր երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը: Անդրանիկ Քոչարյանը, ի պատասխան Արծվիկ Մինասյանի հայտարարություններին, գրություն-պարզաբանում է ներկայացրել պատգամավորին, թե 2022թ.-ի եւ 2023թ.-ի ամռանը պատգամավորներն արձակուրդում են եղել, ուստի հանձնաժողովի գործունեությունը պետք է երկարացվի մինչեւ դեկտեմբեր, փաստացի՝ արդեն երրորդ անգամ, ինչն օրենքի խախտում է, եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրա իրավունքը չունի: Այն, որ այս պահին գործում է այդ հանձնաժողովը, արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բացթողումն է, քանի որ նա օրենքով պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունը ապահովել, սակայն չի կարողանում:

Ի դեպ, այս իշխանությունների օրոք՝ 2019թ.-ին, եւս մեկ հանձնաժողով էր ստեղծվել՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով, որը եւս այդպես էլ ընդամենը ձեւական բնույթ էր կրում եւ իրականում որեւէ բացահայտում չարեց: