Արցախի իշխանությունների թիրախավորումը կշարունակվի. Բեգլարյան

Արցախի իշխանությունների թիրախավորումը կշարունակվի. Բեգլարյան

Ինչպես ավելի վաղ MediaHub-ը տեղեկացրել էր, հունիսի 21-ին մի խումբ դիմակավորված հատուկջոկատայիններ ջարդել էին Երևանում Արցախի ներկայացուցչության դարպասները և առգրավել ԱՀ նահագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։

MediaHub-ի հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով այս խնդրին, հիշեցրեց, որ նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ պայմանավորվել է Քննչական կոմիտեի հետ, որ անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ է մեքենան ուղարկել։

«Այդքանից հետո այդպես առգրավելն արդեն դատապարտելի մոտեցում է, այն էլ դիմակներով, դարպասը ջարդելով։ Դա հերթական դրվագն է, թե ինչպես են Հայաստանի պետական մարմիններն ԱՀ իշխանությանը թիրախավորում»,- ասաց նա։

Ըստ Բեգլարյանի՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի նման քայլեր Արցախի իշխանությունների նկատմամբ ՀՀ իշխանությունները չանեն: Հարցին՝ արդյո՞ք կրկնություն կունենան նման ագրեսիվ գործողությունները, մեր զրուցակիցը նշեց։ «Ցավոք, այո, չի բացառվում, որ նմանատիպ վերաբերմունք էլի կդրսևորվի Արցախի իշխանությունների նկատմամբ, և անգամ կարող եմ ասել, որ միտումը տեսանելի է: Մենք կարող ենք տեսնել տարբեր դրվագներ, նույնիսկ ավելի ագրեսիվ»,- եզրափակեց Բեգլարյանը։

Ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում փաստաբան Ռոման Երիցյանը նշել էր, որ միջնորդություն են ներկայացրել քննիչին, որպեսզի իրենց տրամադրի արձանագրությունները, սակայն մինչ այսօր դրանք չեն տրամադրվել: Ըստ օրենքի՝ նույն պահին պետք է տրամադրվեր արձանագրության օրինակը, բայց քննիչը չի տրամադրել:

Վիկա Աբգարյան