Հայկ Մարտիրոսյանը կպայքարի 2-3-րդ տեղերի համար. Sharjah Masters

Հայկ Մարտիրոսյանը կպայքարի 2-3-րդ տեղերի համար. Sharjah Masters

Շախմատի Sharjah Masters խոշոր մրցաշարում կայացել են նախավերջին տուրի պարտիաները:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձյա գլխավորել Ուզբեկստանի շախմատիստ Նոդիրբեկ Աբդուսատարովը, որը 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր: Նրանից կես բալ քիչ ունեն երեք շախմատիստ: Հենց այս քառյակն էլ կպայքարի առաջին տեղի համար:

Իսկ ահա մեր գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը հերթական պարտիայում ոչ-ոքի խաղաց հնդիկ Արջուն Էրիգաիշիի հետ և վաստակեց 5,5 միավոր, կպայքարի 2-3-րդ տեղերի համար, քանի որ այլևս չի կարող հասնել առաջատարին կամ նրա առաջիկա մրցակից Աբհիջեթ Գուպտային:

Այսօր կայանալիք վերջին տուրում մեր շախմատիստը կհանդիպի թուրք Էմրե Չանի հետ, որը 8-րդ տուրում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Մանուէլ Պետրոսյանին:

Մեր գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Շանթ Սարգսյանը 5-ական միավորով բաժանում են 8-21-րդ տեղերը: Հաղթանակի դեպքում նրանք կարող են տեղ զբաղեցնել առաջին տասնյակում: Գաբրիել Սարգսյանն այսօր կմրցի վրացի Միխեիլ Մչեդլիշվիլու, իսկ Շանթ Սարգսյանը իրանցի Իդանի Պույայի հետ:

Հավելենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը 60 հազար դոլար է: Հաղթողը կստանա 10 հազար դոլար: Կպարգևատրվեն նաև մինչև 15-րդ տեղը գրաված շախմատիստները: