21-րդ դարում նման ձևով ապրելը քաղաքակիրթ չէ, բայց մենք մարտական ենք տրամադրված․ ստեփանակերտցի բժիշկ

Արցախի շրջափակումը հիվանդանոցում ևս հոգեբանական առումով լարված իրավիճակ է ստեղծել. հիմնականում մարդիկ ըմբռնումով են մոտենում, փորձում են ամուր լինել, իսկ անձնակազմը՝ մենք ինքներս ենք միմյանց ոգևորում՝ թույլ չտալով, որ ընկճվածություն առաջանա… բայց սա երկար տևել չի կարող։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Գրիգորի Առուստամյանը։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է արդեն մեկ ամիս, որը երկրում սոցիալական խնդիրներ է առաջացրել։ Գրիգորի Առուստամյանը բազմազավակ հայր է, ասում է՝ 5 երեխաներին խնամելը բլոկադայի պայմաններում լրացուցիչ խնդիրներ է առաջացրել, հատկապես, որ խանութները դատարկված են։
«Մինիմալն ապահովվում է, բայց ամեն դեպքում, 21-րդ դարում նման ձևով ապրելը, հատկապես, որ տեսել ենք ավելի լավ ապրելու ձևը, մի քիչ քաղաքակիրթ չէ, որը հոգեբանական լուրջ խնդիրներ է առաջացնում: Ամուր ենք, մարտական տրամադրված, ընկճված, բայց ըմբռնումով ենք վերաբերում ու սպասում վճռորոշ քայլի»,-ասաց Առուստամյանը։
Բժիշկը նշում է, որ կան հիվանդություններ, որոնք Արցախի հիվանդանոցային պայմաններում հնարավոր չէ բուժել, նման դեպքերը շրջափակումից առաջ ուղեգրում էին Երևան, իսկ հիմա շրջափմակումը խնդիրներ է առաջացրել, ստիպված են լինում քիչ քանակով օգնություն ցուցաբերել։
«Մեր աշխատանքի մեջ պլանային վիրահատությունները դադարեցված են, ոչ թե չենք կարողանում անել, այլ խնայում ենք մեր ռեսուրսները, որովհետև չգիտենք՝ որքան ժամանակ է տևելու: Քիչ ծավալներով ենք կարողանում համալրվել դեղորայքով, միայն այն դեպքերում ենք վիրահատում, որոնք կյանքին սպառնացող են»,-նշեց Առուստամյանը, հավելելով, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն աջակցում է, սակայն մեծ դժվարությամբ են պացիենտներին տեղափոխում Հայաստան, որովհետև մեծ պայմանավորվածությունների գնով է դա լինում, որն էլ ժամանակի կորուստ է։
Չնայած ստեղծված իրավիճակին, Արցախում իրավիճակը վերահսկելի է, իսկ էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում հիվանդանոցն ունի առանձին գեներատոր, որը հիվանդանոցն ապահովում է հոսանքով, բայց ֆինանսական լրացուցիչ ծախսեր է առաջացնում: Սակայն մեր զրուցակիցը հավաստիացրեց՝ ամեն դեպքում, հիվանդանոցի աշխատանքները չեն տուժում։
Նշենք, որ շրջափակման ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հնարավորություն է ստեղծվել 16 պացիենտի տեղափոխել Հայաստանի տարբեր բուժհիմնարկներ։
Շուշանիկ Միսկարյան