Կապիտուլյացիայի ուրվական 

Կապիտուլյացիայի ուրվական 

Երեկ երեկոյան հանդիպել են նախագահ Վահագն Խաչատուրյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խաչատուրյանն, անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանը, ընդգծել է, որ «շատ կարևոր հայտարարություն էր և նաև ապացույց էր, որ մենք ոչ թե պարզապես խոսքեր ենք ասում խաղաղության մասին, այլ տրամադրված ենք տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելուն»:

«Կարծում եմ՝ մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը», - մասնավորապես նշել է Վահագն Խաչատուրյանը:

Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադառնալով բրյուսելյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին՝ նշել է. 

«Մենք պետք է հստակ մի հարցի պատասխան փորձենք գտնել, թե արդյոք այդ հայտարարությունները նշանակում են հրաժարում ձեռք բերված պայմանավորվածություններից»:

Փաշինյանն այս միտքը կրկնել է նաև երեկ առավոտյան, երբ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնում էր անցյալ տարվա բյուջեի կատարողականը:

Վահագն Խաչատուրյան- Նիկոլ Փաշինյան հանդիպման տպավորությունը շատ ծանր է: Այնպիսի տպավորություն է, որ այս զույգը սպառել է դիվանագիտական բոլոր ռեսուրսները ու հիմա աշխարհից ու Ադրբեջանից խաղաղություն է մուրում:

Խաղաղությունն ամենաթանկ բան է, սակայն այս իշխանությունը չհասկացավ, որ դրան հասնում են հմուտ դիվանագիտությամբ: Իսկ մուրալու հետևանքը՝ կապիտուլյացիան է:

Հենց դրա առաջ էլ, Փաշինյանի անտաղանդ քաղաքականության հետևանքով, Հայաստանը կանգնած է՝ կա՛մ ընդունում է Ադրբեջանի պայմանները ու գնում է անպատվաբեր համաձայնության, կա՛մ խաղում է ժամանակ ձգձգելու անհեռանկար մարտավարության վրա, ինչի հետևանքը կարող է դառնալ Ադրբեջանի նոր ագրեսիան:

Պաշտոնական Երևանի «ջանքերով»՝ նույնիսկ նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն մեզ համար երանելի է թվում:

Վահրամ Բագրատյան