ԱԺ-ում աշխատավարձի «կռիվ է», Անդրանիկ Քոչարյանը ստո՞ւմ է․ Մամուլը՝ սուրճով

ԱԺ-ում աշխատավարձի «կռիվ է», Անդրանիկ Քոչարյանը ստո՞ւմ է․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» գրում է ․ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտարարեց, թե հունվարի 30-ին ԱԺ-ում անհետ կորածների հարցով լսումներից հետո որոշ ծնողներ վերցրել են իրենց զավակների մասունքները եւ հուղարկավորել․ «Դա արդյունք չէ՞, կարծում եմ՝ արդյունք է»։ Ասես մեծ հերոսություն է, որ պատերազմից չորսուկես տարի անց ծնողը գտել է որդու մասունքները։ Թե քանի դեպքի մասին է խոսքը, ովքեր են, ասաց 2 անհետ կորածի մասին է, սակայն հստակ տվյալ չունի։ Անհետ կորածի ծնող Հռիփսիմե Հակոբյանին հարցրինք՝ ովքե՞ր են գտել իրենց զավակների մասունքները։ Ասաց, որ օրեր առաջ Ֆեյսբուքի մի անհայտ էջում կարդացել է իբր 2 եղբայրների մասունքներ են նույնականացվել, բայց եթե դա ճիշտ լիներ, կիմանային՝ իրար «աչքալուսանք» կտային․ «Մեր ծնողների շրջանում ես չեմ ճանաչում նման մեկին, եթե լիներ, կճանաչեի, որի երեխայի մասունքը տվել են։ Իրենք ստախոս են։ Ես մշտապես ակտիվ մասնակցում եմ մեր խմբի հավաքներին, ակցիաներին, բոլորս իրար ճանաչում ենք, չի եղել նման խոսակցություն, որ մեկին գտել են»։ ԱԺ փակ հավաքին տիկին Հռիփսիմեն ապշել է պաշտոնյաների հայտարարություններից․ «Ալեն Սիմոնյանն ասում էր՝ ոնց որ գնաք դեղատուն` հաց ուզեք, իրենք այդքան ոչ կոմպետենտ են»:

Փաշինյանի հետ տարիներ առաջ հանդիպումից հետո հասկացել է, որ իշխանությունն անհետ կորածների եւ գերիների հարցով չի զբաղվում․ «Իրենց պետք չէ գերիներին վերադարձնել, անհետ կորածներով զբաղվել, իրենց պետք էր մեր տղաներին տանեին կոտորեին, որ կռվով հանձնեին հողերը, իրենք դավաճաններ են»։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տունը թալանել են:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գողերը նրա տուն են մտել անխոչընդոտ՝ հարմարեցված բանալիով տան դուռը բացելով: Ինքը՝ Նազելի Բաղդասարյանը, հրաժարվում է «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածի մասին որեւէ տեղեկություն կամ մեկնաբանություն տալ (երկու անգամ փորձել ենք, բայց անարդյունք):

Բաղդասարյանը, որ Շիրակի մարզպետն է եղել նախկինում, իր մտերիմ շրջապատին պատմել է եղելությունը: «Ժողովուրդ» օրաթերթը Նազելի Բաղդասարյանի շրջապատից տեղեկացավ, որ նրա տանից գողացել են ոսկյա թանկարժեք զարդեր, ոսկեգույն մետաղյա զարդեր (կարծելով, թե ոսկի է), մեկ ժամացույց, թեւնոց եւ այլ իրեր: Ընդհանուր նախնական հաշվարկով, ըստ Նազելի Բաղդասարյանի մերձավորների, վարչապետի խոսնակին գողերը պատճառել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Բայց այս հաշվարկը խիստ նախնական է, այն կարող է ավելանալ կամ պակասել»:

 

«Հրապարակ» գրում է ․ ԱԺ աշխատակազմն ահազանգում է, թե Ալեն Սիմոնյանն ու աշխատակազմի ղեկավարը խտրականություն են դնում` ոմանց բարձր աշխատավարձեր ու պարգեւավճար են տալիս, մյուսներին` ոչ։ ԱԺ իրավական ապահովման եւ սպասարկման 6 հոգանոց բաժինը վարչություն են ուզում դարձնել՝ պետ նշանակելով ոմն Մարի Ստեփանյանի, ինչն արվում է զուտ նրա համար, որ նա շատ փող ստանա։ Բայց կառավարման տեսանկյունից 6 հոգանոց բաժինը վարչություն դարձնելն անիմաստ է։ Թեեւ ԱԺ մեկ այլ աղբյուր ասաց․ «Մարի Ստեփանյանը պրոֆեսիոնալ մասնագետ է եւ արժանի է բարձր աշխատավարձի», նա ԱԺ է տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։