Երեկ մեռելոց էր․ ընտանիքն Արաբոյի շիրիմը խնկարկելու հնարավորություն չունեցավ

«Արցախի Մարտունի-Ճարտար ուղղությամբ «32» մարտական դիրքի, կամ ինչպես շատերն են ասում՝ սրբավայրի մարտիկների մասին դեռ շատ են պատմելու։ Տղերքը, այդ թվում և եղբայրս, կյանքի ու մահվան կռիվ են տվել, պահել Մարտունին, հարակից բնակավայրերը, որ թշնամին չմտնի քաղաքն ու գյուղերը»,- MediaHub-ին պատմում է Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի բնակիչ Արսեն Փարամազյանը։
Խոսելով եղբոր՝ 25-ամյա Արաբոյի մասին՝ լռում է, շատ բան չի կարողանում պատմել, ասում է․ «Մարդ էր՝ մարդկային բոլոր լավ հատկություններով»։
Արաբոն մեծացել է բազմանդամ ընտանիքում։ Արարատ և Սուսաննա Փարամազյանները 7 տղա են լույս աշխարհ բերել։ Արաբոն 2-րդն էր։ Անունը կոչել է հայրը, ի պատիվ «Արաբո» ֆիդայական ջոկատի հրամանատարի։ Նա պայմանագրային հիմունքներով ծառայում էր աշխարհազոր ուժերում։ Մյուս 2 եղբայրների հետ մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։
Արսենն ասում է, որ սեպտեմբերի 15-ին միասին բարձրացել են դիրքեր։ Մարտական հերթապահություն էին իրականացնում տարբեր դիրքերում։ «Ամենադժվար պահին Արաբոն ինձ «դուխ» էր տալիս։ Դիրքեր բարձրանալիս էլ լավ, մարտական տրամադրությամբ էր։ Ինչ էլ լիներ, իր տրամադրությունն ու մարտական ոգին տեղն էր։ Որ բարձրանում էր դիրքեր, ասես թևեր առներ»։
Սեպտեմբերի 19-ին պատերազմ էր։ Արաբոն, որ ամենաթեժ կետում էր ու ռազմավարական նշանակության 32 դիրքում, անմիջապես զանգել է եղբորը, նորից ուժ տվել նրան, ասել` «պիտի դիմանաս, ամեն ինչ լավ է լինելու»։ Մարտական դիրքի անձնակազմին միացել են նաև աշխարհազորայիններ ու կամավորներ, նրանց թվում՝ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղիյանը։
«Դիրքը 2 անգամ գրավվել է թշնամու կողմից, հետո մերոնք հետ են վերադարձրել։ Կորուստներ հայկական կողմը կրել է, բայց թշնամուն պատճառված զոհերն անհամեմատելի շատ են եղել։ Թե ինչ դեր է խաղացել եղբայրս, դրա մասին պատմել է այդ դիրքից միակ ողջ մնացած Տիգրան Բալասանյանը։ Դա հերոսական դիրք էր, որտեղ բոլորը համահավասար կռվել են թշնամու հետ անհավասար մարտում, որ պաշտպանեն շրջանը։ Պատկերացրեք, Մարտունի քաղաքից ընդամենը 2 կմ հեռավորության վրա էր, իսկ ամբողջ շրջանը՝ շրջափակման մեջ»,- պատմում է մեր զրուցակիցը։
Թեժ մարտերի ժամանակ Արաբոն բեկորային թեթև վիրավորում է ստացել, ապա սեպտեմբերի 20-ին զոհվել թշնամու գնդակից։ Նույն օրը ընտանիքը լսել է բոթը։
Զինադադարից հետո հոր՝ Արարատի հորդորներով, ռուս խաղաղապահների միջոցով իջեցրել են նրա դին, հուղարկավորել հայրենի Մուշկապատում։
Երեկ մեռելոց էր. Փարազմազյանների ընտանիքը Արաբոյի շիրիմը խնկարկելու հնարավորություն չի ունեցել։ Հավերժ զինվոր, հավերժ 25 տարեկան Արաբո Փարամազյանը մնաց հարազատ գյուղում։
Նրա և մարտական ընկերների դին Հայաստան տեղափոխելն այդ օրերին պարզապես անհնար էր։
Հունան Թադևոսյան