Սեռը՝ «ոչ բինար». ԱՆ-ն և «Ֆրիդոմ Հաուսը» ո՞ր լրագրողի սեռի վրա են կասկածում

ՀՀ արդարադատության նախարարությունը և «Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը համատեղ հանրային քննարկում են կազմակերպել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և հարակից օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի շուրջ։ Քննարկմանը մասնակցելու համար նախարարության լրատվական ծառայությունից հրավեր են ուղարկել լրատվամիջոցներին, և կցել հայտ, որը պետք է լրացնեն լրագրողները, որ կարողանան մասնակցել։
Հայտի մեջ, ի թիվս այլ տվյալների, լրագրողը պետք է լրացնի նաև իր սեռը։ Ու այստեղ արդարադատության նախարարությունը նորամուծություն է մտցրել՝ երկու սեռի փոխարեն ընտրության չորս հնարավորություն է տվել։ Այսպիսով՝ լրագրողը պետք է ընտրի հետևյալ չորս տարբերակներից մեկը՝ «արական», «իգական», «ոչ բինար» և «նախընտրում եմ չպատասխանել»։
Սա աննախադեպ է հայ իրականության մեջ, երբ պետական կառույցը ավանդական սեռերին զուգահեռ այլ տարբերակներ էլ է առաջարկում մարդկանց, այդ թվում՝ լրագրողներին, որ ընտրեն՝ իրենք որ սեռի են կամ գուցե չկողմնորոշված են, կամ էլ այն հոգեվիճակում են իրենց զգում, որ նախընտրում են այդ «ինտիմ» հարցին չպատասխանել։
Դժվար է պատկերացնելը, որ նախկինների օրոք այսպիսի բան հանդիպեինք, թեպետ նրանց օրոք էլ, ենթադրաբար, կային կամ կարող էին լինել չկողմնորոշված կամ «մի քիչ այլ սեռի» ներկայացուցիչներ։ Բայց այդ մասին այսպես բացահայտ չէին պրոպագանդում կամ դրա համար այսպիսի լեգիտիմ հիմքեր չէին ստեղծում։
Հետաքրքիր է՝ արդարադատության նախարարությունն ու «Ֆրիդոմ Հաուսը» ո՞ր լրագրողի սեռի վրա են կասկածում, ո՞ւմ են աչքի տակ ունեցել, որ մտածել են, կարելի է հատուկ նրա համար առաջարկել նաև «ոչ բինար» և «նախընտրում եմ չպատասխանել» տարբերակները, որպեսզի չվիրավորեն նրա կամ նրանց զգացմունքները։ Ենթադրում են, որ ինչ-որ մեկի օրինակը աչքի առաջ ունենալով են այս քայլին գնացել, որ առաջադեմ և դեմոկրատ երևան։
MediaHub-ին ԱՆ-ից ասացին, որ հայտը պատրաստել է «Ֆրիդոմ Հաուս» ՀԿ-ն, իրենք չեն կարող միջամտել ՀԿ-ի գործունեությանը, պարզապես աջակցում են քննարկման կազմակերպման հարցում: Նաև ասացին, որ նախարարությունը հրավիրվել է հանդես գալ որպես համակազմակերպիչ, քանի որ նախագծի հեղինակը ԱՆ-ն է:
Ուստի, այս «բազմասեռության» գաղափարը հենց արևմտյան գրանտներով սնվող այս կազմակերպությանն է: Սակայն, ամեն դեպքում, ստացվում է, որ պետական կառույցը առնվազն դեմ չէ այս ձևակերպումների հետ:
Վահե Մակարյան