ՌԴ-ում էլ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները․ Եղոյան
Այո՛, պայմանավորվածություն կա Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, որ Վաշինգտոնում կայացած հանդիպումը որևէ կերպ չի բացառում մոսկովյան հանդիպման լինելը։
Եղոյանը նշեց, որ հայկական կողմն այս բանակցություններից առավելագույնի սպասելիքներ ունի։
«Բանակցություններն անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտրին։ Ինչքան հնարավոր չլուծված հարց կա, դրանց շահավետ լուծման մասով ամեն ինչ արվելու է»,- նշեց պատգամավորը։
Հարցին, թե կարո՞ղ է նոր զիջումներ լինեն, ինչպես նախորդ դեպքերում, երբ բանակցություններն Ադրբեջանի օգտին են եղել, Արման Եղոյանը պատասխանեց, թե ինքը համաձայն չէ, որ բանակցությունները Հայաստանի օգտին չեն եղել։ Նա հստակեցրեց՝ պատերազմը հօգուտ Հայաստանի չի եղել։
Դիտարկմանը, որ լուրեր կան, թե Բաքվի ու Երևանի միջև քննարկվում է երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ու անվտանգության հարցը, արդյո՞ք այսկերպ ինքնորոշման իրավունքը փոխարինվում է էթնիկ խմբերի իրավունքների պաշտպանությամբ, Արման Եղոյանն արձագանքեց՝ լուրը տարածել է «Ամերիկայի Ձայնը», և այնտեղից նյութն արդեն հեռացվել է։
«Բանակցություններ են ընթանում, և ցանկացած կողմ իր համար առավելագույնն է ուզում ստանալ։ Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն, որ Ստեփանակերտը բանակցություններում հանդես գա որպես սուբյեկտ»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։