Զգում ենք մեզ ինչպես տանը․ ինչպե՞ս են ապրում և սովորում ռուսաստանցի և այլ ազգի ուսանողները ՀՀ–ում

Երևանում գտնվող Հայ-Ռուսական համալսարանում սովորում են ոչ միայն հայաստանցի, այլ նաև տարբեր երկրներից ժամանած ուսանողներ, որոնց միավորում է ռուսերենը՝ որպես կրթության և շփման լեզու։  

Ռուսաստանից եկած ուսանողները կա՛մ մշտական ուսումնառության են եկել Հայ–Ռուսական համալսարան, կա՛մ մասնակցում են ուսանողական փոխանակման ծրագրերին։ Բացի այդ, կան նաև ուսանողներ, որոնք ընտրել են ուսումը Հայաստանում, սակայն իրենց ուսումը ստանում են ռուսերեն լեզվով։ 

Համալսարանում դասավանդում են փորձառու գիտնականներ, պրոֆեսորներ և գործնական ոլորտի մասնագետներ, ովքեր ոչ միայն փոխանցում են հիմնարար գիտելիքներ, այլև ուսանողներին տրամադրում են նորագույն հետազոտությունների և գործնական փորձի հնարավորություն։ 

Մենք զրուցեցինք այն ուսանողների հետ, ովքեր եկել են Ռուսաստանի տարբեր քաղաքներից՝ որպես ժամանակավոր ուսանողներ, և նրանք փաստում են, որ սկզբում գուցե կային որոշ դժվարություններ, սակայն համալսարանն ապահովում է ամեն ինչ այդ դժվարությունները հարթելու համար։

Համալսարանում կրթական գործընթացը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին, ուսանողները ոչ միայն ձեռք են բերում մասնագիտական գիտելիքներ, այլև ակտիվորեն ներգրավվում են գիտական աշխատանքներում, ակտիվ մասնակցում տարբեր միջոցառումներին, նախագծերի ու ուսումնական պրակտիկաների։  

Ուսանողների խոսքով՝ կրթությունը ոչ միայն տալիս է գիտելիքներ, այլև օգնում է ընդլայնել հայացքները, հասկանալ այլ մշակույթներ և գտնել նոր հնարավորություններ ապագայի համար։

Հայաստանը շատ ջերմորեն է ընդունում բոլորին, իսկ համալսարանի միջավայրը նպաստում է արագ ինտեգրման և նոր հնարավորությունների բացահայտմանը։  

«Այստեղ մենք մեզ տանն ենք զգում»,- ասում են նրանք։

Բոլոր ուսանողներն ընդգծում են, որ երկու երկրների՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթական, մշակութային և տնտեսական կապերն ունեն մեծ նշանակություն, և իրենք՝ որպես ապագա մասնագետներ, պատրաստ են նպաստել այդ հարաբերությունների զարգացմանը։

Ուսանողները վստահ են, որ ապագայում այս հարաբերություններն էլ ավելի կզարգանան, իսկ նրանք՝ որպես շրջանավարտներ, իրենց գիտելիքներով կնպաստեն այդ գործընթացին։