Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանը շաբաթներ առաջ Ստեփանակերտի հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո դադար է վերցրել, թեպետ հայտարարել էր, որ շուտով կրկին հանդիպելու է հանրության հետ։ Տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանը դժգոհ է թիմակիցներից, ակնկալում էր, որ ավելի մարդաշատ հանրահավաք կկազմակերպեինն, սակայն ընդամենը մի քանի հարյուր մարդ է մասնակցել։

Խոսակցություններ կան, որ նա փորձում է փոխել խորհրդարանում իր խմբակցության կազմը, որից դժգոհ է, սակայն գործնականում դա գրեթե անհնար է։ 

«Հրապարակ» թերթը գրում է․

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի ընտրությունը ԿԸՀ նախագահ պաշտոնում։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան տեղեկացրել է, որ այժմ փորձագետները կազմում են ՍԴ դիմումը, առաջիկա օրերին այն պատրաստ կլինի, որից հետո երկու խմբակցությունները դա կներկայացնեն ՍԴ։

«Հրապարակ» թերթը գրում է․

Արցախի պատգամավոր, «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքի անդամ Արեւիկ Պետրոսյանը, ով Աննա Հակոբյանի գլխավորած «Էրատո» ջոկատի անդամ էր, նախօրեին՝ խորհրդարանում ԱՀ նախագահի հետ փակ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել եւ առաջարկել է կանգնեցնել նախագահ Արայիկ Հարությունյանի արձանը։

Նա բարձր է գնահատել Արցախի խնդրի կարգավորման հարցում նախագահի գործադրած ջանքերը եւ առաջարկել է Գարեգին Նժդեհի արձանի կողքին տեղադրել Արայիկ Հարությունյանի արձանը։ 

«Փաստ» օրաթերթը գրում է․

Վերջին շրջանում գնալով ավելի ակնհայտ է երևում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և քաղաքապետարանի աշխատակազմի չհասկացվածությունը, ինչի վկայությունն են խորհրդակցությունների ժամանակ քաղաքապետի կոշտ խոսակցություններն ու դժգոհությունները վարչություններից ու վարչական շրջանների ղեկավարներից: «Փաստ» թերթի աղբյուրները վստահեցնում են, որ նման «բոլոլայի» պատճառը քաղաքապետարանի քարտուղարի ժ/պ Սեյրան Մեջլումյանն է:

Ընդհանրապես, մեր ունեցած տեղեկություններով, քաղաքապետարանում շատ մեծ դժգոհություն կա Մեջլումյանից ոչ միայն իր բուն գործառույթների առումով, քաղաքապետին՝ հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ իրեն հարմար «զեկուցումների» հետ կապված, այլև մի շարք այլ հարցերի առնչությամբ:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քրեական վարույթ է նախաձեռնվել նախկին պատգամավոր, «Ալ յանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեում գտնվող գործը վերաբերում է 2019 թվականին առանձնապես խոշոր չափի եկամուտ չհայտարարագրելուն։ Ըստ մեր տեղեկությունների, Ուրիխանյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն հրաժարվել է գնալ և մեկնել է Հայաստանից։ Ամենայն հավանականությամբ, նրա հանդեպ կհայտարարվի հետախուզում։ Թե պատգամավորական տարիներին ձեռնարկատիրությամբ չզբաղված Ուրիխանյանն ինչ եկամուտներ է ունեցել, այն էլ՝ առանձնապես խոշոր չափերի, դեռ կպարզվի։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը, որն ինքնին բավականին ուշագրավ է եզրահանգումների և տնտեսագիտական ուսումնասիրությունների առումով: Գոնե 2022 թվականի ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերից (առաջին եռամսյակի, կիսամյակի, 9 ամսվա տվյալներ) տպավորություն է, որ, ըստ մասնագետների, բավականին ճգնաժամային վիճակում գտնվող տնտեսության հույսը ընդամենը 2-3 խոշոր կազմակերպություններ են, և առաջին հերթին՝ Զանգեզուրի խղնձամոլիբդենային կոմբինատը:

Բանն այն է, որ այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է 1 տրիլիոն 82 միլիարդ դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչու հենց Ազգային անվտանգության ծառայությունը, այլ ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտեն որոշեց քննել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործը: Խնդիրն այն է, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նախկինում եղել է ՀՔԾ-ի, այսինքն՝ ներկայիս Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ: Եվ, ահա, համակարգում այն տեսակետն է հնչել, թե կարող է շահերի բախում լինել, ուստի պետք է, որ Արուսյակ Ալեքսանյանի եւ Էրիկ Ալեքսանյանի գործը քննի ԱԱԾ-ն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Արցախցիները տարակուսած են՝ ինչ է ի վերջո լինելու Արցախի ճակատագիրը, ու ինչ կարգավիճակ է ունենալու Արցախը հետայսու: Հայկական երկրորդ հանրապետության պաշտոնյաների ու, առհասարակ, բնակիչների մտորումներն ու անհանգստությունն է՛լ ավելի են ահագնացել այն բանից հետո, երբ այստեղ՝ Երեւանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պավիրակությանն ու ասել՝ Հայաստանն Արցախի անվտանգության բանակցություններին ի՞նչ է անում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Սեպտեմբերի 13-ի՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը որոշ ժամանակով պարալիզացրել է պետական կառավարման համակարգը: Որոշ գերատեսչություններ սեպտեմբերին պլանավորած գործերը սահմանված ժամանակին չեն ավարտել, եւ դրանց կատարումը անորոշ ժամանակով հետաձգվել է:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներսում անմխիթար վիճակ է. մեծ թվով բաժիններ մնացել են առանց ղեկավարի: Նախ՝ նկատենք՝ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո այդ կառույցը ղեկավարում էր Տիգրան Խաչատրյանը, որն այժմ ֆինանսների նախարարն է, եւ նրանից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ից, այդ պաշտոնը զբաղեցնում է Վահան Քերոբյանը: Նրա նշանակումից հետո համակարգում դժգոհություններն ավելացել էին, եւ եղել են նաեւ մարդիկ, որոնք պարզապես հրաժարվել են աշխատել Քերոբյանի հետ: