Քանի դեռ Սիրիայում ապագան անորոշ ու վտանգված է՝ ուզում ենք գալ Հայաստան

Քանի դեռ Սիրիայում ապագան անորոշ ու վտանգված է՝ ուզում ենք գալ Հայաստան

Հալեպում ջրամատակարարումը վերականգնվել է, փոխարենը էլեկտրաէներգիա չկա։ Այնտեղ ապրող մեր հայրենակիցները MediaHub-ին պատմեցին, որ համատարած նյութական սղություն ու անգործություն է:

«Ապրանքները մի քիչ էժանացել են, այսինքն, այն, ինչ կրկնակի գներով էր վաճառվում 2 շաբաթ առաջ՝ հիմա մոտ 20 տոկոսով էժանացել է։ Ընդհանուր իրավիճակը Հալեպում նախկինի պես չէ, բայց որոշակի հիմա հանգիստ է։ Հայ համայնքը համակարգում է աշխատանքը, որ կյանքն արագ հունի մեջ մտնի։ Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է 35 դոլար գումար։ Շատ դժվար է մեզ մոտ ապրուստը։ Ու քանի դեռ Սիրիայում ապագան անորոշ ու վտանգված է՝ ուզում ենք գալ Հայաստան առաջին հնարավորության դեպքում»,-MediaHub-ին ասաց հալեպաբնակ Գևորգ Հովհաննես Ճոսլակյանը։

Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը քիչ չէ՝ հակառակ հայ եկեղեցու Բերիո թեմի և հայկական դիվանագիտական կառույցների ջանքերին։ Գևորգի հավաստմամբ՝ ինքն ու իր պես բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ առաջիկայում կտեղափոխվեն Հայաստան։ 

«Այս պահին Սիրիայի նոր տերերը՝ ի դեմս Աբու-Մոհամադ ալ-Ջուլանի, ոչինչ չեն խոստանում մեզ։ Դեռ հանդիպումներ են տեղի ունենում հարևան ու դաշնակից պետությունների ղեկավարների հետ։ Թե ի՞նչ է լինելու հետո՝ պարզ չէ, սակայն, գիտենք մի բան, որ սիրիական հեղափոխությունը ծանր է նստելու ժողովրդի վրա, քանի դեռ չեն բավարարվել Թուրքիայի ու Իսրայելի  ցանկությունները»,-հավելեց նա։

Հունան Թադևոսյան