«Եզը երբ ընկնում է, դանակավnրները շատանում են»

«Ես հույս ունեմ, որ մեր երիտասարդությունը, մտավորականությունը, մտահոգ մարդիկ վաղ թե ուշ պիտի զարթնեն խորը քնի թմբիրից ու պահանջատեր կլինեն Բաքվում պահվող հայ գերիների ու պատանդների վերադարձին։ Չնայած ժողովրդին ամենևին չի հուզում, որ Բաքվում գերության մեջ է հայկական արժանապատվությունը»,- MediaHub-ի հետ զրույցում արձագանքելով Ռուբեն Վարդանյանի շուրջ զարգացումներին` ասաց Վարդանյանի ընկերությունում աշխատած ու նրա հետ ճանապարհ անցած Հասմիկ Ասատրյանը։
Մեր զրուցակցին այլևս չի զարմացնում այն անտարբերությունը, որն այսօր կա Հայաստանում։ Ասում է՝ ՀՀ իշխանությունների ձեռնպահ վերաբերմունքը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ ստիպում է, որ աշխարհի առաջնորդները նույնպես լռություն դրսևորեն, կամ լավագույն դեպքում՝ հանդես գան կոչերով ու հայտարարություններով։
«Ռուբեն Վարդանյանի օրինակով ասեմ․ մարդը, որ իր ապրած գիտակցական տարիները նվիրել է Հայաստանին ու հայ ժողովրդին, իր բարեգործական նախաձեռնություններով կանգնած է եղել հայրենիքի կողքին, Արցախի համար ամենաօրհասական պահին եղել է արցախահայության կողքին, միասին անցել դժվարագույն ճանապարհով, հիմա անազատության մեջ է։ Իր հայրենակիցների կողմից ոչ մի գործնական քայլ։ Գիտե՞ք, ժողովրդական մի հայտնի խոսք կա՝ «Եզը երբ ընկնում է, դանակավորները շատանում են», հիմա Վարդանյանն է։ Էս հանրությունը, որը վաղուց ազգ չի, արժանի է այս ճակատագրին»,- ասաց նա։
Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում ենթարկվում է հալածանքների։ Մեկ անգամ չէ, որ այս մասին ահազանգել են նրա աջակիցները, սակայն, դա ավելի է բորբոքել Ալիևին։ Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանին արդեն 45 նոր մեղադրանք է առաջադրել:
Մեղադրանքները ներառում են տեղական քրեական օրենսգրքի 20 հոդվածներ:
Ըստ փաստաբանների՝ գործի նյութերը 25 հազար էջով ներկայացված են ադրբեջաներեն և թաքցվում են ոչ միայն հանրությունից, այլեւ հենց Վարդանյանից՝ հիմնավորմամբ, որ մեղադրանքները վերաբերում են երկրի ազգային անվտանգությանը:
Հունան Թադևոսյան