Ծիծաղելի է․ Ալեքսանյանը՝ Գեղամ Մանուկյանի հարցի մասին
ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն այսօր ամբիոնից հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
«Պարո՛ն Մանուկյան, դուք ասում եք, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները գաղտագողի հանդիպել են Վաշինգտոնում։ Դա եղել է ամբողջ աշխարհի աչքի առջև, բայց դուք ասում եք, թե գաղտագողի էր։ Ինչևէ, խնդրում եմ անկեղծ պատասխանել՝ եթե այս բանակցությունները տեղի ունենային Մոսկվայում, նույն բովանդակությամբ, նույն տեքստով, նույն մամուլի հաղորդագրություններով, դուք էլի այս նույն հարցը կբարձրացնեի՞ք»,- նշեց նա։
Թեև հարցը Գեղամ Մանուկյանին էր ուղղված, պատասխանեց ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանը։
«Ո՛չ, չէր լինի, եթե բանակցությունները լինեին Մոսկվայում։ Ծիծաղելի է, երբ տեսախցիկների առջև եղած բանակցությունները ստվերային եք որակում, հայ ժողովրդի թիկունքում եք որակում»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի՝ այդ բանակցություններին մասնակցելու հանգամանքին, ապա, ըստ Ալեքսանյանի, այն որևէ խնդիր չի առաջացնում, «չէ՞ որ Հայաստանը խորհրդարանական երկիր է»։
Մանրամասները՝ տեսանյութում։