Իլոն Մասկը հունիսի 16-ին առաջին անգամ ելույթ կունենա Twitter-ի աշխատակիցների առջև

Իլոն Մասկը հունիսի 16-ին առաջին անգամ ելույթ կունենա Twitter-ի աշխատակիցների առջև

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հինգշաբթի օրը ընդհանուր վիրտուալ ժողովի ժամանակ առաջին անգամ դիմելու է Twitter-ի աշխատակիցներին. այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է Business Insider-ը:

Մասկը կպատասխանի նախապես ուղարկված հարցերին։ Ենթադրվում է, որ կշոշափվեն զանգվածային կրճատումների և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Twitter սոցիալական ցանց վերադառնալու թեմաները։

Ապրիլի 25-ին Twitter-ի ղեկավարները հայտարարեցին, որ Մասկը ձեռք կբերի ընկերությունը 44 միլիարդ դոլարով: Մայիսի 13-ին նա հայտարարեց գործարքը կասեցնելու մասին՝ սպասելով կեղծ օգտահաշիվների վերաբերյալ գնահատականին: Մայիսի 2-ին հրապարակված  հաշվետվության մեջ նշվում է, որ այդպիսի օգտահաշիվները կազմում են 5 տոկոսի քիչ։ Ձեռնարկատերը, սակայն, պնդում է, որ սոցցանցում կեղծ օգտահաշիվները կազմում են ավելի քան 20 տոկոս։

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի տվյալներով, եթե միլիարդատերը որոշի խզել պայմանագիրը, նա պետք է ընկերությանը վճարի 1 միլիարդ դոլար տուգանք, եթե Twitter-ը նախաձեռնի խզումը, Մասկը փոխհատուցում կստանա։ Գործարքի փակման վերջնաժամկետը հոկտեմբերի 24-ն է: